Մեքսիկայի Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցին գտնվում է համանուն գյուղում, որը  թաղվել է Պարիկուտին հրաբուխի  լավայի տակ 1944 թվականին:

Մի քանի մետր բարձրությամբ  լավայի հոսքը ամբողջովին ոչնչացրել է գյուղը: Հրաշքով անվնաս  են մնացել եկեղեցու   զանգակատունը և զոհասեղանը՝ շրջապատված եկեղեցական համալիրի ավերակներով:

Նշենք, որ մինչ հրաբխի ժայթքելը տեղացիները տարհանվել Էին։

Ասում են, որ եկեղեցու զանգերը անդադար ղողանջել  են, ինչպես ժայթքման ժամանակ, այնպես էլ դրանից հետո՝ բավականին տևական ժամանակ։

Զարմանալի է, սակայն Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցին կանգուն է մնացել հզոր լավայի հոսքի ներքո․ տեղացիները դրանում տեսնում են Աստծո կամքը:

 Ինքը եկեղեցին մնում է միակ ցուցիչը այն բանի, թե որտեղ էր նախկինում  գտնվում գյուղը: Մնացած բոլոր շինությունները թաղվել են լավայի սառած շերտի տակ :

1943 թվականի ժայթքումին հաջորդեցին  Պարիկուտին  հրաբխի   ակտիվ կյանքի  ևս 8  տարիներ, որի ընթացքում այն վեր էր շպրտում մոխրի ու ծխի նոր ալիքներ, այդ թվում նաև լավայի գետեր:

Ամեն տարի պահքից առաջ տեղացիները նշում են հրաբխի ծննդյան օրը: Նրանք կատարում են ուխտագնացություն դեպի ավերված գյուղը: Այստեղ են գալիս զբոսաշրջիկներ, որ տեսնեն  հրաբուխը ու դրան շրջապատող անշունչ  լանդշաֆտը:

Հարակից գյուղի  դիտարկման կետից բացվում է անմոռանալի տեսարան՝ 25 կիլոմետրանոց լավայի դաշտը և նրա ետևից վերև խոյացող  Պարիկուտինի  կոնը:

Սան Խուան Պարանգարիկուտիրո եկեղեցու զանգակատունը  կանգնած է լավայի սև շերտի մեջ, որպես ստորգետնյա գերբնական ուժերի ապացույց: