Weekends.am-ը շարունակում է պատմել Ամստերդամ իր այցելության մասնին, և  այսօրվա հոդվածում ներկայացնում ենք մեր այցելությունը Էրմիտաժ Ամստելի վրա։ Թանգարանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի մասնաճյուղն է: Այն ամբողջությամբ վերակառուցվել ու պաշտոնապես բացվել է 2009 թվականի հունիսին 19-ին։ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հսկայական հավաքածուն ֆինանսապես աջակցելու համար տարբեր երկներում բացվել են էրմիտաժի մի քանի մասնաճյուղեր: Լոնդոնից և Լաս Վեգասից հետո ընտրվել է Ամստերդամը:

 Ամստերդամի Էրմիտաժն այսօր զբաղեցնում է 4000 քմ ցուցահանդեսային տարածք, սակայն չունի սեփական հավաքածուն, և թանգարանի համադրությունները կազմվում են միայն Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պահեստային ցուցանմուշներից: Թանգարանում կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, որոնք կարող են տևել 4 ամսից մինչև 2 տարի:

Կարճաժամկետ ցուցադրությունները հնարավոր են դարձնում նույն մարդու` կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ այցելությունը թանգարան:

Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին երկրորդ ցուցահանդեսի կատալոգի նախաբանում նշել է.

«Գտնվելով Եվրոպայի սրտում՝ այլ մեծ թանգարանների ու մշակութային կենտրոնների կողքին, Էրմիտաժն Ամստելի վրա կարողացել է իր տեղը գրավել Եվրոպայի մշակութային ու թանգարանային կյանքում: Թանգարանի մուտքի մոտ գոյացող հերթերը պատմում են թանգարանի հաջողության մասին»:

Յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ եվրոն փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժին:  Մուտքի տոմսն արժե 15 եվրո:

Weekends.am-ի այցելության ժամանակ թանգարանում  թագավորական սպասքի ցուցադրություն էր, որի հետ դուք էլ կարող եք ծանոթանալ՝  դիտելով այս շքեղ ֆոտոշարքը։