Աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը, հատկապես թատերական արվեստը սիրողների և գնահատողների համար, Մինակ թատրոնն է /Minack,/, որը գտնվում է  բաց երկնքի տակ Անգլիայում՝ Կորնուոլի կոմսությունում։

Այն կառուցվել է Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող ժայռի վրա: Իր անվանումը  ստացել է «meynek» կորնական բառից, որը նշանակում է քարե տեղ։

   Ըստ «The Telegraph» հրատարակչության՝ Մինակ թատրոնը մտնում է աշխարհի ամենատպավորիչ թատրոնների ցանկի մեջ։ Այստեղ ներկայացումները լինում են մայիս ամսից  մինչև սեպտեմբեր, իսկ տարվա  մնացած ժամանակը այն բաց է այցելուների համար։

   Թատրոնը հիմնադրվել է հայտնի գրող Քեթրին Բուրդեկինի ավագ քույր Ռովենա Քեյդի  / Ровена Кейд/ կողմից։ 1929թ․ Ռովենայի տան մոտ՝ մարգագետինների վրա, տեղական թատերախումբը բեմադրում է Վիլյամ Շեքսպիրի  «Ամառային  գիշերվա քունը»  պիեսը  և մեկ տարի անց կրկնում է այն։

Իմանալով, որ թատերախումբը ուզում է բեմադրել Վ․Շեքսպիրի  «Փոթորիկ»  պիեսը՝ Ռովենան առաջարկում է բեմադրությունը տեղափոխել ծովի մոտ գտնվող իր այգի, որի տեղանքը հիասքանչ համապատասխանում էր որպես բնական դեկորացիա։

Իր այգեպանի հետ միասին ձեռքի տակ եղած իրերով նրանք պատրաստում են բեմ և նստատեղեր։ 1932թ․ բնական դեկորացիաներով  բեմադրված պիեսը մեծ հաջողություն է ունենում։ Ոգևորված այս հաջողությամբ՝ Ռովենա Քեյդը իր այգեպանի հետ ձմռանը սկսում է թատրոնի բարելավման աշխատանքները։

 Թատրոնը, որը մենք տեսնում եք այսօր, անցած 80-ից ավելի տարիների ընթացքում շատ փոփոխությունների է ենթարկվել, բայց եթե առաջին ներկայացման հանդիսատեսից ինչ-որ մեկը այնտեղ այցելեր  այսօր, միանշանակ կճանաչեր այն։

Ներկայումս ամեն տարի ամռանը թատրոնում բեմադրվում է մոտ 20 ներկայացում պրոֆեսիոնալ թատերախմբերի կողմից, ինչպես Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ԱՄՆ–ից։

Weekends.am-ի այցելության ժամանակ թատրոնում ներկայացում  չկար, բայց մենք շրջեցինք տեղանքով, այն բաց է ժամը 10․00-ից-15․00-ը։

 

Թատրոնում կա թանգարան, որտեղ ներկայացված են, թե ինչ հայտնի դերասաններ են խաղացել այս բեմի վրա, ինչ ներկայացումներ են եղել։ Այստեղ անգամ ֆիլմեր են նկարահանվել։