Թռչունների միջազգային օրը՝ ապրիլի 1-ին, Դավթաշեն վարչական շրջանում  կայացավ «ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ»: Նախապես հայտարարվել էր, որ  փառատոնին կարող են մասնակցել անհատներ, ընտանիքներ, կազմակերպություններ՝ առանց տարիքային սահմանափակման։

Weekends.am նույնպես ներկա գտնվեց իր տեսակի մեջ յուրահատուկ այս միջոցառմանը։ Մանրամասների մասին զրուցեցինք ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ-ի հետ /Դավթաշեն  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժին/, ով սիրով պատմեց մեզ միջոցառման մանրամասների մասին։

 

 

1․ –Ինչպե՞ս ծնվեց այս մտահաղացումը

 

Դավթաշեն վարչական շրջանի մշակութային կյանքը յուրահատուկ դարձնելու  համար, բացի ՀՀ պետական և ազգային տոներից, առանձնահատուկ ուշադ­րություն ենք դարձնում նաև միջազգային նշանակություն ունեցող տոն-օրերին: Այս տարի որոշեցինք առանձնահատուկ դարձնել ապրիլի 1-ը՝  նշելով   Թռչունների միջազգային   օրը:

 

 

2․ –Ի՞նչ կոչ է ուղղում այս միջոցառումը հասարակությանը

 

Յուրաքանչյուր  միջոցառում կազմակերպելիս հատկապես  ուշադրություն ենք դարձնում այն խորհրդին, որը ցանկանում ենք փոխանցել հասարակությանը: Ինչպես յուրաքանչյուր միջոցառում, «ԹՌՉՆԱԲՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ»-ի համար առանձնաց­րել ենք հետևալ կարևոր նպատակները.

 

ներգրավել հասարակությանը շրջակա միջավայրի պահպանման գործում

պահպանել Երևան քաղաքում կանաչ  տարածքները՝  որպես կենսաբանական միջոց

նպաստել թռչունների վերարտադրմանը՝ որպես կենդանական աշխարհի հարստություն

ձևավորել երեխաների և մեծահասակների մոտ բնության պահպանման մշակույթ

զարգացնել երեխաների ստեղծագործական ունակությունները

 

3. –Արդյո՞ք մասնակիցների թիվը գերազանցեց ձեր սպասելիքները։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թռչունների միջազգային օրը առաջին անգամ է նշվում այս  մասշտաբով, մենք կարծում էինք, որ մասնակիցների թիվը այնքան էլ մեծ չի լինի: Սակայն, ի զարմանս մեզ, մասնակիցների թիվը աննա­խադեպ մեծ է:

 

4.Կրելու՞ են  նման միջոցառումները շարունակական բնույթ:

 

Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրվածությունը և ակտիվ մասնակցությունը` վստահեցնում ենք, որ թռչնաբնի փառատոնը այսուհետ կընդգրկվի մեր ամենամյա մշակութային միջոցառումների շարքում:

 

 

Ստորև ներկայացնում ենք այս  գունեղ փառատոնը ֆոտոշարքով։ Մյուս տարի, խոստանում ենք, մենք նույնպես կպատրաստենք թռչնաբուն և կմասնակցենք միջոցառմանը։