Աշխարհը լի է ձայներով, որոնցից  շատերը մինչ օրս գիտության համար մնացել են չբացահայտված: Օվկիանոսը ուսումնասիրող գիտնականները հայտնաբերել են մի շարք  ձայներ, որոնք հասկանալ ու բացատրել շատ դժվար է: Այդ ձայները ֆիքսվել են  հիդրոֆոնների և ստորջրյա միկրոֆոնների միջոցով:

 

Ահա և 6 ամենաառեղծվածային ձայները, որոնք հնչել են օվկիանոսի խորքերում, և դրանց ծագման մասին ենթադրությունները:

 

  1. Ձայն «Bloop»

1997 թվականին  հիդրոֆոնները  որսացին ամենաբարձր ձայներից մեկը, որը երբևէ ձայնագրվել էր  Հարավային Ամերիկայի հարավային ափին: Ձայնը անվանվել է  «Bloop»։ Այն ֆիքսել են 2 հիդրոֆոններ, որոնց միջև հեռավորությունը եղել է 4800 կմ:

Այն ծովային կենդանու ձայն էր հիշեցնում, սակայն ձայնի հզորությունն այնքան մեծ էր, որ չէր կարող հնչած լինել գիտության կողմից հայտնի որևէ կենդանու կողմից:

Բացի այդ վարկածից՝ գիտնականները առաջ բերեցին ևս մեկ վարկած, որ այդ ձայնը կարող էր պայմանավորված լինել  սառցաբեկորի մեծ ճեղքվածքի առաջացմամբ: Մինչդեռ  շատերը հակված են հավատալու, որ ձայնը ունի կենսաբանական ծագում:

 

2․Ձայն «Julia»

 

1999 թվականի մարտի 1-ին  Խաղաղ Օվկիանոսի  արևելյան էկոտորական հատվածում գիդրոֆոնների ինքնավար ցանցի միջոցով ֆիքսվեց տարօրինակ ձայն։ Ըստ ենթադրությունների՝ ձայնի աղբյուրը սառույցն էր, ավելի կոնկրետ՝  ծովի հատակ ընկնող հսկայական Անտարկտիկական սառցաբեկորի  ձայնը։

 

  3. Ձայն «Upsweep»

 

Այս ձայնը հիշեցնում է շտապօգնության մեքենայի ձայն:  Ձայնը ֆիքսվում էր սեզոնային՝ սկսած 1991թ-ից, հիմնականում գարնանը և աշնանը։ Ենթադրվում է, որ ձայնի աղբյուրն է ստորջրյա հրաբուխային ակտիվության տարածքը, բայց գիտնականները դեռ պետք է ճշտեն, թե ինչն է իրական պատճառը։

 

4. Ձայն «Slow Down»

 

Թարգմանաբար «դանդաղեցում» անվանումը այս ձայնը ստացել է շնորհիվ նրա, որ ձայնի հաճախականությունը իջնում է 7 րոպեների ընթացքում: Ձայնը ֆիքսվել է 1997 թվականի մայիսի 19-ին Անտարկտիկայի թերակղզու մոտ: Ենթադրվում է, որ  ձայնը առաջացել է, երբ  կախված սառցաբեկորը հարվածել է ծովի հատակին՝ ցնցվելով ծանր  անկումից:

 

5.Ձայն «Train»

 

Այս ձայնը հիշեցնում է ռելսերի վրա գնացքի անիվների շփման ձայնը, այն ֆիքսվել է 1997թ․ և ամենայն հավանականությամբ առաջացել է Արևմտյան Անտարկտիդայում: Գիտականները այս անգամ ևս համոզված են, որ ձայնը առաջացրել է սառցաբեկորը, որն  իր  նեքևի հատվածով քսվել է օվկիանոսի հատակին։

 

6. Ձայն «Whistle»

 

«Whistle» (սուլոց) անվանումով ձայնը պակաս հետաքրքրական չէ, այն հիշեցնում է թեյնիկում եռացող ջրի ձայն։ Այն ֆիքսվել է 1997 թվականի հուլիսին մեկ հիդրոֆոնի միջոցով, և դա է պատճառը, որ պրակտիկորեն հնարավոր չէ մատնանշել նրա առաջացման աղբյուրը: Սակայն գիտնականները պնդում են, որ նման ձայներ  առաջացնում էին ժայթքող ստորջրյա հրաբուխները: Հնարավոր է, որ այս ձայնը,  ի տարբերություն մյուսների, առաջացել է ոչ թե սառույցից, այլ կրակից: