Ծաղկազարդ․ գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Weekends.am-ը Ծաղկազարդին այցելեց Ձագավանք, որը գտնվում է   Գետարգել գյուղից հարավ՝ փոքր բլրի լանջին։ Վանքը հայտնի է նաև Գետարգելի Սուրբ Նշան անվամբ։

Համաձայն լեգենդի՝ արաբ զավթիչները ցանկացել են թալանել Առինջ գյուղը և սպանել բնակիչներին։ Իմանալով այդ մասին` գյուղացիները թաքնվել են վանքում` ապավինելով Աստծո ողորմությանը։ Երբ զավթիչները մոտեցել են վանքին, հրաշք է կատարվել․ երկայնքով հոսող գետն անսպասելի դուրս է եկել ափերից` խորտակելով թշնամու զորքը։ Այդ լեգենդն էլ հենց բացատրում է Գետարգել անվանումը։

Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, պարսպից, բնակելի խցերից և այլ նշանակության շինությունների ավերակներից։ Ձագավանքը վերականգնեցված է․ ներկայումս վանքը ունի նորակառույց եկեղեցու տեսք։

Ի տարբերություն եկեղեցու՝ զանգակատունը մասնակի է ավերվել։ Պատերը կառուցած են սրբատաշ քարերից։ Առկա են արձանագրություններ և խաչաքանդակներ։

Վերականգման ժամանակ որոշ չափով ձևափոխվել է զանգակատունը. այն դարձել է գմբեթավոր։ Զանգակատան հարավային կողմում գտնվում է Սուրբ Նշան եկեղեցու ավերված գմբեթի մի հատվածը, որի շուրջը տեղացիները դասավորել են մի քանի խաչքարեր։ Զանգակատունը ներսից գրեթե ամբողջությամբ պահպանվել է։

Վանքի համալիրի տարածքում վերականգնումից հետո ստեղծվել է հատուկ «բակ» խաչքարերի համար։ Այնտեղի պատերին հենված իրար կողք կողքի շարված են խաչքարերի բեկորներ, ինչպես նաև հին վանքի ավերակներից պահպանված արձանագիր քարեր։

Բակում է գտնվում նաև փոքրիկ փոսը, որտեղ մարդիկ մանրադրամ են նետում և ցանկություն պահում։

Ամեն տարի Զատիկին հաջորդող կիրակին «վանքի ուխտի օրն» է։

Վանական համալիրում շրջելուց հետո այցելեցինք   Գետարգել գյուղ, զրուցեցինք տեղացիների հետ, ովքեր մեծ ոգևորությամբ պատմում էին վանքի մասին  պահպանված լեգենդները։

Գյուղը մեզ անչափ դուր եկավ իր հանգստությամբ և  բնակիչների սրտաբաց ընդունելությամբ։ Ի դեպ, ինչպես նշեցին տեղացիները, այդտեղ ի սկզբանե, բոլոր  տները կառուցված են եղել միայն բնական հումքից, ինչը, ցավոք, չի պահպանվել մինչ այսօր։