Weekends.am-ը Զատիկին կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի։ Զատիկը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Զատիկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատիկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատիկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգությունը  և Պատարագի մատուցումը  տեղի է ունենում բուն զատկական Կիրակի օրը։

Զատիկի օրը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարդաշատ էր․ անգամ օրվա երկրորդ կեսին մարդկանց հոսքը շատ էր։ Եկեղեցու բակում տոնական մթնոլորտ էր, հնչում էր հայկական ազգային երաժշտությունը․ մարդիկ ինքնաբուխ պարում էին և տոնում։ Եկեղեցու բակում կազմակերպված էր ցուցահանդես վաճառք, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացրել զբոսաշրջիկների մոտ։