Weekends.am-ի ճամփորդական օրագրի այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում մեր ճամփորդությունը անգլիական Բաթ քաղաք, որը գտնվում է Անգլիայի հարավարևելյան մասում՝  Էյվոն գետի ափին։

Բազմաթիվ  պատմական և ճարտարապետական հուշարձանները, լավ կլիման, գեղեցիկ բնապատկերները, յուրահատուկ մշակույթը, տաք հանքային ջրերը, որոնցով հայտնի է քաղաքը, տարեկան գրավում են 5 միլիոն զբոսաշրջիկների ուշադրությունը։

Բաթում այցելեցինք  Հռոմեական բաղնիքների թանգարան։ Բառացիորեն անգլերենից Բաթը թարգմանվում է բաղնիք։ Հռոմեական բաղնիքների թանգարանը համալիր է՝ բաղկացած տաճարից, առողջության սուրբ աղբյուրից, հռոմեական թերմերից և անտիկ ժամանակների հնագիտական գտածոներին նվիրված  թանգարանից:

 

 

Այցելությունը այս թանգարան ձեզ ընդհանուր պատկերացում կտա այս հինավուրց քաղաքի մասին։  Թանգարանի ադմինիստրացիան արել է ամեն բան տեղեկությունը ավելի մատչելի միջոցներով այցելուներին փոխանցելու համար։ Այստեղ աուդիո սարքավորումների միջոցով,  եթե նույնիսկ անգլերեն չգիտեք՝  ըստ ձեր իմացած լեզվի, կարող եք ծանոթանալ նմուշների պատմությանը, իսկ  ցուցադրվող տեսահոլովակները ավելի տպավորիչ կդարձնեն ձեր այցելությունը։

 Թանգարանում  շրջում են  դարբիններ, ուլունքեր վաճառողներ․․․

Հերթերից խուսափելու համար  ցանկալի է այստեղ գալ վաղ առավոտյան՝  նախօրոք ճշտելով աշխատանքային ժամերը։ Հատկապես ամռանը այցելուները այստեղ շատ-շատ են լինում։

Թանգարանից հետո կարող եք հանգստանալ ռեստորան-սրճարաններում  և վայելեք Բաթի գեղեցիկ տեսարանները, եթե, իհարկե,  անգլիական եղանակը թույլ տա։

 Բաթի ճանաչված տեղերից  է Thermae Bath Spa-ն /սպա,  հանքային ջրերի կենտրոն/, որը կառուցված է ավելի նոր ժամանակներում։

 Այստեղ կարող եք օգտվել տարբեր սպա ծառայություններից և ավարտել ձեր հանգիստը տանիքի տաք լողավազանում, որը շրջապատաված է գոթական ոճի կառույցներով։ Այստեղ ձեզ կզգաք ասես երկնքում։

    Բաթի կենտրոնում կան բազմաթիվ գոթական ոճով կառույցներ, գեղեցիկ զբոսանքի վայրեր, այնպես որ ժամանակ հատկացրեք և ուղղակի քայլեք Բաթի փողոցներվ՝  վայելելով այդ գեղեցկությունը։

Սպայից հետո կարող եք գնալ The Pump Room Bath թեյարան և վայելել անգլիական  Afternoon Tea-ն։

Լինել Բաթում և չտեսնել Փալթնի / Pulteney/ կամուրջը, իհարկե, ո՛չ ։

Կամուրջը եզակի է նրանով, որ կառուցապատված է երկու կողմից։ Յուրաքանչյուր կողմից խանութների և առևտրի կետերի շինություններն են։ Կամուրջը կառուցվել է բաթի քարով 1769-1773 թվականներին Ռոբերտ Ադամի նախագծով։ Կառույցը անվանվել է Բաթից կամրջով անջատված Բասուիք գյուղի տեր սըր Ուիլիամ Փալթնիի կնոջ պատվին։

 Ֆինանսական տեսակետից բյուջետային քաղաք չէ, բայց արժե ասյտեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն։ Եթե լինենք Անգլիայում, ամենաքիչը երկու օր տրամադրեք  Բաթ քաղաք այցելությանը՝  այս գեղեցկությունը սեփական աչքերով տեսնելու համար, իսկ եթե արդեն եղել եք այնտեղ, կարող եք կիսվել ձեր տպավորություններով և պատմել ձեր պատմությունը անգլիական այս գեղեցիկ քաղաքի մասին, քանի որ Բաթում կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր, որտեղ մենք չհասցրինք լինել։

1987թ Բաթը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Weekends.am-ի այցելությունը Բաթ ֆոտոշարքով։