Նիագարա ջրվեժը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը, այն գտնվում է ԱՄՆ-ի  և Կանադայի սահմանին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ջուրը թափվում է  ԱՄՆ-ի տարածքից, բայց երևում է Կանադայի մասից, այսինքն՝ այս հրաշք տեսարանը  գումար է բերում  կանադացիներին։  Ջրվեժի ձայնը այնքան ուժեղ է, որ լսվում է մի քանի կիլոմետրերի վրա, այդ իսկ պատճառով  նրա մոտ գտնվող մարդիկ ոչինչ չեն լսում, այստեղից էլ գալիս է ջրվեժի անվանումը․ նիագարա թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»: Մեկ րոպեում Նիագարան այնքան ջուր է տեղափոխում, որքան կբավարարեր 150 օլիմպիական լողավազան լցնելու համար:

Ջրվեժի բարձրությունը 53 մ է, լայնությունը՝ 1200 մ։  Եղել են դեպքեր, երբ մարդիկ կանխամտածված թռչել են այս ջրվեժից և ողջ մնացել, բայց շատ հազվադեպ, հիմնականում, ով փորձել է թռչել,  կա՛մ խեղդվել է, կա՛մ էլ շատ լուրջ վնասվածքներ ստացել։ Ի դեպ, ովքեր ողջ են մնացել, մեծ տուգանքներ են ստիպված եղել վճարել և՛ ամերիկյան, և՛ կանադական կողմին՝ օրենքը խախտելու համար։

 Հնդկացիների լեգենդների համաձայն՝ շատ տարիներ առաջ այստեղ եղել է մեկ գետի երեք հուն, որոնք առաջացել են` թաքցնելու սիրահարված հնդկացի աղջկան և նրա սիրեցյալին` կայծակի աստծուն: Նրանք հավատում էին, որ աղջկա զոհաբերությունը ջրերի հոսքն այնպես է ուղղել, որպեսզի զույգը կարողանա վերամիավորվել և ջրերի հոսքի տակ թաքնվել աշխարհից:

Հենց այս լեգենդի և իհարկե զարմանահրաշ տեսարանի շնորհիվ է,  որ բազմաթիվ սիրահար զույգեր և զբոսաշրջիկներ ամեն տարի այցելում են այս վայր։