Եվ այսպես՝ weekends.am-ը Մալազիայում․․․մի երկիր, որը մեզ շատ դուր եկավ, և համոզված ենք, որ դուք էլ կսիրեք։

Մի քանի նախադասությամբ ներկայացնենք, թե ինչպիսի երկիր է Մալազիան: Մալազիա – պետություն հարավարևելյան Ասիայում։ Եղել է բրիտանական գաղութ և միայն 1957թ օգոստոսին է անկախացել։ Տարածքը մոտ 329 000 քմ է, մոտավորապես նույնքան տարածք զբաղեցնում է նաև Թաիլանդը։ Կլիման տաք և խոնավ է, բնակչության թվաքանակը՝ մոտ 32 մլն, Կուալա Լումպուրինը` մոտ 2 մլն։ Հիմնական լեզուն մալազերենն է, թեպետ մեծամասնությունը անգլերեն է խոսում։ Կրոնը` իսլամ։ Չնայած բնակչության մեծամասնությունը դավանում է իսլամ, բայց ազատ կարելի է դավանել այլ կրոն` բուդդիզմ, հինդուիզմ, քրիստոնեություն։ Մալազիայում, ի տարբերություն արաբական երկրների, պատժամիջոցները այդքան էլ խիստ չեն։

 

Այժմ Մալազիան իր տարածաշրջանում համարվում է տնտեսապես զարգացած և հաջողակ երկիր ու զբաղեցնում է երկրորդ տեղը Սինգապուրից հետո։ Տուրիզմը դինամիկ զարգանում է` առաջարկելով ծովափնյա հանգիստ, բազմաթիվ մշակութային և տեսարժան վայրեր, բնություն և էկզոտիկա։

Այս հոդվածում քայլ առ քայլ կպատմենք մեր ճամփորդության մանրամասները՝ սկսած գներից, հյուրանոցից, սննդից և ծախսերից։ Կարծում ենք՝ շատ հագեցած հոդված է և օգտակար կլինի ձեզ համար, եթե որոշեք այցելել Մալազիա։

 ՀՀ քաղաքացիների համար Մալազիան այն երկրների շարքից է, ուր կարելի է գնալ առանց վիզա։ Հարկավոր կլինի միայն ՀՀ-ից ելքի թույլտվություն ունենալ և վերջ։

Այս կամ այլ երկիր մեկնելիս յուրաքանչյուր մարդ նախևառաջ իր համար պետք է  մշակի քայլերի հերթականություն, մենք առաջարկում ենք մեր քայլերի հերթականությունը, որին կարող եք հետևել և դուք, եթե չունեք ձեր սեփականը։

Քայլ 1․ ավիատոմսի ամրագրում նախապես, 2․հստակ սահմանված  գումար այդ երկրում ծախսելու համար, որոշակի գումար էլ նախատեսեք չնախատեսված ծախսերի համար 3․նախապես հյուրանոցի ամրագրում, որը ցանկալի է վճարել նախօրոք, որպեսզի գումարի հետ խնդիրներ չծագեն հետագայում։ Այս ամենը հեշտությամբ հնարավոր է կազմակերպել առցանց, քանի որ այսօր ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծել են բոլոր պայմանները մեր ժամանակը խնայելու համար։

Ինչ վերաբերում է կոնկրետ Մալազիային, եթե գնալու եք առանց փոքրիկ երեխաների, Ռուսաստանից կամ Վրաստանից կարող եք մեկնել ավելի մատչելի տարբերակով։ Երբ արդեն ժամանեք այստեղ, մի՛ շտապեք օդանավակայանում ամբողջ գումարը փոխանակել տեղի արժույթով, քանի որ քաղաքում ամեն քայլափոխի կհանդիպեք արժույթի փոխանակման կետերի՝ ավելի հարմար տարբերակով: Օդանավակայանում կարող եք փոխանակել մի սիմվոլիկ գումար՝ տաքսիով  կամ ավտոբուսով ձեր հյուրանոց հասնելու համար և վերջ։ Ավտոբուսով գնալը, իհարկե, ավելի բյուջետային կլինի, բայց   հարմար է նրանց համար, ում    ուղեբեռը փոքր է։ Օդանավակայանից մինչև մայրաքաղաքի կենտրոն հասնելը ավտոբուսով կտևի 40-45 րոպե, և կվճարեք ընդամենը 12 ռինգիտ /ringgit/, մոտ  660 դրամ։

Ինչ վերաբերում է հյուրանոցին, մենք ամրագրել էինք միջին՝ 4 աստղանի հյուրանոց քաղաքի կենտրոնում, նախաճաշը մեջը․ բավականին լավ և հարմարավետ համարներ, համեղ սնունդ և ընդամենը 54 000 դրամ 5 օրվա համար մեկ անձի համար:

 

Բարեհաջող հասաք, տեղավորվեցիք, դե շատ լավ է, իսկ հիմա անցնենք տեսարժան վայրերին։

 

Կուալա Լումպուր՝ Մալազիայի մայրաքաղաք, որտեղ  մշտապես տաք է, այս քաղաքը չգիտի` ինչ է ձմեռը, ցուրտը․ 365 օր տաք է, դե ջերմաստիճանն էլ միջինում +25-28 °C, կարող է բարձրանալ նաև մինչև +36°C, հաճախ նաև +40°C։

Կուալա Լումպուրը համարվում է Ասիայի ամենականաչ մայրաքաղաքը, կանաչը ոչ միայն չեն վերացնում, այլ ընդհակառակը, շենքերն ու շինությունները կառուցվում եմ` չվնասելով կանաչը։

 

Petronas Twin TowersԿուալա Լումպուրի  ամենահայտնի վայրն է համարվում և կարծես թե հենց քաղաքի այցեքարտն է՝ 88 հարկանի երկնաքեր 451 մ բարձրությամբ․ ամենաբարձր երկվորյակ շենքներն են։

 Շենքը կառուցվել է 1992-1998թթ-ի ընթացքում /շինարարությունը տևել է  մոտ 6 տարի/։ Զբոսաշրջիկները գալիս են՝ այս կառույցը տեսնելու, նկարվելու, բարձրանալու այս շենքերը իրար կապող կամուրջը, որը գտնվում է  42-րդ հարկում՝ 170 մ բարձրության վրա, որտեղից էլ արդեն կարելի է զմայլվել քաղաքի ողջ  գեղեցկությամբ։

Հետաքրքիր է, որ ի սկզբանե այս կամուրջը նախատեսված չի եղել զբոսաշրջիկների համար, այլ եղել է անվտանգության ապահովման համար։ Petronas–ի դիմաց են գտնվում  երգող շատրվանները, որոնք երեկոյան ավելի գեղեցիկ տեսարան են ապահովում։

Ի դեպ, ավելացնենք, որ կարելի է բարձրանալ Petronas-ի 42-րդ հարկ ամեն օր ժամը  9․ 00-ից -21․ 00-ը, բացի երկուշաբթիից, իսկ ուրբաթ օրը ՝ 13․ 00- 14․ 30 մուտքը  փակ է, արժե 85 ռինգգիտ։

 Հաջորդ վայրը, որի մասին ուզում ենք պատմել Կյանքի գետն  է /River of Life/։ Հենց այս գետի և Պետրոնասի համար են բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում Կուալա Լումպուր։

Տեղացիները այս գետը համարում են կյանքի գետ, նրանց  համար այն սուրբ գետ է, այդպես էլ  չիմացանք, թե ինչու․․․մեզ համար կարծես թե սովորական գետ էր։

 Պատմենք Կուալա Լումպուրի հրապարակի /Dataran Merdeka/ , Sultan Abdul Samad Building-ի մասին:

Հրապարակից  սկսվում է Կուալա Լումպուրի ողջ պատմությունը։ Այս տարածքը գտնվում էր բրիտանացիների տիրապետության տակ, և միայն 1957 թ․ օգոստոսին  պատմության մեջ առաջին անգամ այստեղ  բարձրացվեց  Մալազիայի դրոշը։

Հրապարակը այժմ հանրահայտ վայր է, որտեղ անց են կացվում բացօթյա համերգներ, սպորտային միջոցառումներ, կրիկետի մրցաշարեր /սպորտային խաղ է, որը, ի դեպ, բրիտանացիները հենց այս տարածքում են խաղացել նախկինում/ և այլն։

 Հրապարակի ձախ մասում գտնվում է մյուս տեսարժան վայրը` Sultan Abdul Samad Building-ը, որը կառուցվել է 1897թ․, բրիտանացի ճարտարապետի կողմից, այս կառույցը արտացոլում է հենց  Մալազիայի մշակութային առաձնահատկությունները։ Կառույցի վերևի հատվածում ժամացույց կա, որն էլ տեղացիները հաճախ անվանում են Big Ben/ զգացվում են գաղութ լինելու հատևանքները/։

 

Այս 40մ բարձրությամբ  կառույցը 20-րդ դարի 2-րդ կեսի ամենաբարձր աղյուսե կառույցներից մեկն  էր համարվում։ Ներկայումս այս կառույցը Մշակույթի և տուրիզմի նախարարությանն է պատկանում։

 

Դե ինչ, ասեք, որ գեղեցիկ քաղաք է, հետևեք մեր հրապարակումներին, մեր հաջորդ հոդվածում կշարունակենք ներկայացնել Կուալա Լումպուրը՝ իր տեսարժան վայրերով և համեղ ուտեստներով։

Շարունակելի․․․