Այս հոդվածում ուզում ենք պատմել ևս մեկ զարմանահրաշ վայրի մասին, որը մինչ այժմ գտնվում է գիտնականների ուսումնասիրության և ուշադրության կենտրոնում իր առեղծվային լինելու պատճառով։

Անդրաշխարհի դարպասներ կամ Տորի ջրհոր՝ Երկիր մոլորակի ամենազարմանալի և առեղծվածային վայրերից մեկը, այն գտնվում է ԱՄՆ Օրեգոն նահանգում։ Հրաշագեղ մայրամուտների շնորհիվ Օրեգոնը կոչում են նաև «մայրամուտների նահանգ»:

Տորի ջրհորը իրենից ներկայացնում է քարե ձագար, որը մակընթացությունների և տեղատվությունների, ուժեղ փոթորիկների ժամանակ վերածվում է իսկական շատրվանի:

Ալիքների ժամանակ ջուրն այստեղ մեծ պարույր է առաջացնում և անհետանում օվկիանոսի հատակում։ Մեծ ալիքների ժամանակ առաջանում են հսկա գեյզերներ, կարծես թե ջրհորի հատակից ջուր է ժայթքում:

Ըստ առասպելի՝ շատ վաղուց այստեղ հանդիպում էր մի երիտասարդ զույգ: Սակայն մի օր նրանք վիճում են, և աղջիկը սպանում  է իր սիրելիին: Դիտելով այս տեսարանը՝ Տոր աստվածը կայծակի հարվածով անհուն ջրհոր է առաջացնում, որը լցվում է երիտասարդի արյունով։

Բնության ներկայացումները հրվանդանում սկսվում են մակընթացությունից մեկ ժամ առաջ, երբ եռացող ջուրը խորքերից բարձրանում է մինչև 6 մետր և ետ է լցվում ջրհորը։ Բնության այս հրաշքը դարձել է ուխտատեղի աշխարհի բոլոր ծայրերից ժամանող լուսանկարիչների և զբոսաշրջիկների համար:

Գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել, սակայն չեն կարողացել հասկանալ, թե ուր է գնում  ջուրը:

Չնայած անկանխատեսելի ջրհորի վտանգին՝ հաջող կադրեր անելու համար լուսանկարիչները չափից շատ են մոտենում դրան՝ չմտածելով, որ հսկա ալիքը մեկ ակնթարթում կարող է քշել նրանց օվկիանոսի խորքերը: