Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, weekends.am – ը նշեց  Տանիկ Արվեստանոցում, որտեղ արվել էր ամեն բան երեխաների օրը գունեղ, տոնական, հետաքրքիր դարձնելու համար։ Փուչիկներ, ակվագրիմ, ծովահեններ, պղպջակներ, կրակ, խաղեր․․․և մեր փոքրիկների անմոռանալի օրը ապահովված էր։ Զրուցեցինք նաև Տանիկ Արվեստանոցի հիմնադիր Տիկին Հայկանուշի հետ։

 

 

1․ – Ինչպե՞ս ծնվեց Տանիկը հիմնելու գաղափարը։

 

-Տանիկի գաղափարը ծնվեց նրանից, որ նման կենտրոն մեր տարածքում չկար, և իմ երեխաների պահանջներից ելնելով` որոշեցի մի հետաքրքիր միջավայր ստեղծել։ Երեխաներիս նկարչական խմբակի ուսուցիչների աջակցությամբ ստեղծվեց Տանիկ Արվեստանոցը, որտեղ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար արվեստն է շարժիչ ուժը և ներշնչանքի աղբյուրը:

 

2․- Ինչո՞վ է տարբերվում այս կենտրոնը ժամանցի և մանկական բազմաթիվ կենտրոններից, որոնք այսօր կան մեր քաղաքում։

 

-Ի սկզբանե Տանիկի շուրջ համախմբվել է մի հիանալի անձնակազմ։ Մեր բոլոր աշխատակիցները  բարձրակարգ մասնագետներ են և մեծ սիրով են անում իրենց աշխատանքը։ Դա է մեր տարբերվելու պատճառը, որովհետև միշտ սիրո և ջերմության մթնոլորտ է Տանիկում։ Բացի այդ Տանիկ այցելելը շատ մատչելի է և հասանելի բոլորի համար։ Մենք շատ հաճախ անվճար միջոցառումներ ենք ունենում, քանի որ մեզ համար կարևոր է արժեքներ փոխանցելը։

 

3Ինչպե՞ս հաջողվեց գրավել այսքան մեծիկների և փոքրիկների ուշադրությունը այս կարճ ժամանակաշրջանում։

 

-Իզուր չէ, որ մենք մեզ անվանել ենք Տանիկ. տուն, տնակ, տանիք, տունիկ, ընտանիք’ հարազատ միջավայր, որտեղ երեխաները իրենց շատ լավ են զգում, իսկ ծնողները հանգիստ են, որ իրենց երեխաներն ապահով ձեռքերում են։ Ծնողները նաև տեսնում են մեր կատարած աշխատանքի արդյունքները։ Նշեմ, որ մենք հաճախ կազմակերպում ենք վարպետաց դասեր, որոնց ընթացքում երեխաները տարբեր նյութերի հետ են աշխատում և ծանոթանում։ Բայց գրավիչ լինելու ամենակարևոր հանգամանքը իմ անձնակազմն է, որովհետև միայն իրենց սրտացավ և նվիրյալ աշխատանքի շնորհիվ է, որ մենք ստեղծել ենք ճիշտ միջավայր, ընտրել երեխաներին կրթելու ճիշտ աշխատաոճ:

 

Նշենք, որ Տանիկը շուտով տոնելու է իր գործունեության մեկամյակը․․․սպասենք նոր անակնկալների։

 

« 1 of 2 »