Զատկի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում և պատկանում է Չիլիին։ Այն աշխարհի ամենամիստիկ վայրերից մեկն է: Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» թահիթիական անվամբ, որը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։

 

Հսկայական քարե արձանները՝ Մաոիները, ծանոթ են գրեթե ցանկացած զբոսաշրջիկի, սակայն շատ քիչ բան է հայտնի դրանց դերակատարության, նշանակության ու պատմության մասին:

Միջինը 4 մ բարձրություն և 14 տ քաշ ունեցող այս արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000-1650 թթ..։ Դրանք համարվել են քաղաքական հեղինակության և իշխանության խորհրդանիշներ։ Դրանց ձևավորումը համապատասխանել է տեղաբնակների մարմնի դաջվածքներին, որոնք մատնանշում էին հասարակական կարգավիճակը, իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով՝ հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վերնախավի կարմիր մազերը։

 

Առաջին հայացքից թվում է, թե այս արձանները միայն գլուխներից են բաղկացած, բայց պեղումները ցույց են տվել, որ դրանցից գրեթե բոլորն էլ ունեն նաև մարմիններ: Իրականում ամենազարմանալին այն է, որ այս արձաններից շատ քչերն են երբևիցե կանգնեցվել, իսկ մնացածները տասնյակներով լքվել են քարհանքերում ու ճանապարհներին:

Հնէաբանները պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչի համար են ստեղծվել այս արձանները, ինչ են դրանք խորհրդանշել, ինչպես են դրանք տեղափոխվել և կանգնեցվել: Բոլոր արձանների վրա առկա են ինչ-որ հիերոգլիֆներ, որոնք ոչ ոք չի կարողանում կարդալ մինչ օրս:

 

 Կղզու բնակիչներն իրենց հերթին են գաղտնիք, որովհետև մինչ օրս էլ հայտնի չէ, թե որտեղից են նրանք հայտնվել այս կղզու վրա:
Զատկի կղզու առեղծվածի ամենատարածված վարկածներից մեկը այն է, որ կղզին իրականում սարի գագաթ է և իր վրա կրում է անհետացած Մու քաղաքակրթության վերջին հետքերը, իսկ մնացածը պետք է փնտրել ջրի տակ:

Զատկի կղզին Տրիստան դա Կունյա արշիպելագի հետ միասին աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին է։

 

Կղզին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգևենի կողմից հայտնագործվել է 1722 թվականի Զատկի կիրակի օրը։

1888 թվականին կղզին կցվել է Չիլիին։ 1995 թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։