Մահվան հովիտ․ վայր, որը ավելի քան 70 տարի  գտնվում է գիտնականների ուշադրության կենտրոնում։ Հովիտը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում է գտնվում։ Այստեղ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Անվանումը կապված է 1849 թվականին ոսկի փնտրողների պատմության հետ, որոնք ոսկի փնտրելիս մոլորվել էին և քաղցած ու առանց ջրի՝ քիչ էր մնում հրաժեշտ տային իրենց կյանքին։ Բարեբախտաբար նրանց հաջողվել է փրկվել: Տղամարդկանցից մեկը փրկվելուց հետո շրջվել և ասել է. “Մնաս բարով, Մահվան հովիտ”,  և այստեղից էլ առաջացել է անվանումը։

 

 

Գիտնականներին այս վայրը հետաքրքրում է, որովհետև հովտում կան քարեր, որոնք իրենք իրենց տեղաշարժվում են մեկ վայրից դեպի մյուսը:

Այս երևույթը  բացատրելու համար նրանք մի քանի վարկած են  առաջ քաշում, որոնցից մեկը  մագնիսական ձգողականությունը, ռադիացիան է։ Նաև կարծիք կա, որ քարերի տեղաշարժման պատճառը խոնավ ցեխն է: Պարբերաբար տեղացող անձրևների հետևանքով գետինը խոնավանում է, և քարերը սկսում են քամու ազդեցությունից շարժվել:

Սակայն այս բոլորը միայն վարկածներ են, և որևէ հստակ բացատրություն չկա, թե ինչպես են քարերը տեղաշարժվում։ Դե իսկ մարդիկ սիրում են ամեն ինչին խորհրդավորություն տալ, դրա համար էլ տեղացիները շարունակում են հավատալ այստեղ գոյություն ունեցող անտեսանելի ուժերին: