Batu Caves – Հնդկաստանի տարածքից դուրս գտնվող ամենամեծ հնդկական տաճարն է համարվում։ Առաջին տպավորությունները, երբ աչքիդ առաջ այս տեսարանն է բացվում, ուղղակի աննկարագրելի են։

Աստծո հսկայական  արձան,  աղոթատեղեր, դեպի քարանձավ ուղեկցող մի քանի հարյուր աստիճան, բնություն, կանաչ, զբոսաշրջիկների և հավատացյալների մի ամբոխ։ Պատկերը մեզ,  համենայնդեպս, հետաքրքրեց։

Առաջինը, ինչ աչքդ տեսնում է, այո՛,այո՛, հնդկական Մուրուգանա պատերազմի Աստծո 43 մ բարձրությամբ արձանն է, այն էլ ինչ արձան, ոսկյա, այո՛, ճիշտ կարդացիք, ամբողջությամբ ոսկե։

Մենք էլ ենք զարմացած։ Այսպես, քարանձավը գտնվում է Կուալա Լումպուրի հյուսիսային մասում, ուր կարելի է հասնել մետրոյով կամ տաքսիով։ Քարանձավները “հայտնաբերվել” են 1878թ. մի խումբ հետազոտողների կողմից, այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թաքնվում էին պարտիզան-կոմունիստները։ Ներկայումս քարանձավը սրբատեղի է համարվում, այստեղ հատկապես Տայպուս տոնին հավատացյալների հոսքը շատ է։

Բատու քարանձավները մեծ Տայպուսի փառատոնի ժամանակ աղոթքի կենտրոն են համարվում։ Յուրաքանչյուր հունվար կամ փետրվար ամսին (կախված լուսնի փուլից) հազարավոր հնդիկներ հավաքվում են՝ ապաշխարելու իրենց մեղքերը: Հավատացյալների մեջ կտեսնեք մարդկանց, ովքեր իրենց` լեզուն կամ այտերը պիրսինգով, սուր ասեղներով կամ կեռիներով ծակած կլինեն /ենթադրում ենք, որ դա մեղանչելու յուրահատուկ ձև է/:

Ոմանք նաև կրում են կավադիս (տարազ, որի դիզայնը ներառում է հավակնության փետուրները և աստվածների արձանները): Մյուսները ձեռքներին ունեն կաթնաշոռ, վարդագույն ջուր, կոկոսի կամ շաքարավազի հյութ: Բաթուի քարանձավների շուրջ տոնի ժամանակ շուրջ 500 հազար մարդ է հավաքվում:

Մի փոքր մանրամասն ուզում ենք ներկայացնել Մուրուգանա Աստծոն։ Երբ ուշադրությամբ նայում ես, արձանը սարսափեցնում է իր  խիստ նայվածքով․ թվում է՝ մի քանի վայրկյան, և 43 մ բարձրությամբ արձանը կկենդանանա և իր սրբազան նիզակը կխրի գետնի մեջ՝ պատժելով այն այցելուներին, ովքեր տաճար են  եկել <<կեղտոտ>> մտքերով։

Մեզանից շատերը գիտեն, լսել կամ կարդացել են Շիվա, Բռախմա, Պառվատի, Կրիշնա, Վիշնու աստվածների անունները։ Իսկ ո՞վ է Մուրուգանա Աստվածը։  Լեգենդներից մեկի համաձայն` Մուրուգանան (սանսկրիտի լեզվով Սկանդա) Շիվայի և Պարվատիի որդին է։ Նա ծնվել է, որպեսզի վերացնի Տառակու հրեշին, իսկ նման սխրանքներ կարող է անել միայն Շիվայի որդին։  Նա պատերազմներից պաշտպանող և հաղթանակ բերող է։

Միևնույն ժամանակ Մուրուգանան սիրո և տառապանքների Աստված է, ով իր դերն ունի յուրաքանչյուր անձի ճակատագրում։

Միայն պատկերացրեք, արձանի կառուցմանը ներգրավված են եղել շուրջ 30 մարդ, որոնցից 3 տարի է պահանջվել այն կառուցելու համար։ Այցելուների համար այն 2006թ.ին է բացվել։

Դեպի սրբատեղի ճանապարհը պետք է բարդ լինի։ Այո՛, դրան հավատում են հնդիկները։ Քարանձավ հասնելը կպահանջի հաղթահարել 272 փայտե աստիճան։ Թե ինչու հենց 272, մենք չհասկացանք, օրինակ՝  տրամաբանական կլիներ 108 աստիճան, չէ՞ որ 108 թիվը իրենց համար սրբազան թիվ է, հենց այդքան քայլ է կատարել Արևի Աստված Շիվան երկրից Երկինք հասնելու համար։

Եթե օգնեք միասին հասկանանք ինչո՞ւ հենց 272,  հրաշալի կլինի, չէ որ իրենք հենց այնպես 272 աստիճան չէին կառուցի։ Բարձրանալը, հատկապես ամռանը, այդքան էլ հեշտ չէ, իսկ եթե մի փոքր դանդաղել, ապա կապիկների <<զոհ>> կդառնաք, որոնք անհամբեր սպասում են, թե ինչ գողանալ և ուտել։

 

Ամենաընդարձակ քարանձավը անվանում են <<լուսավոր>>․ առաջին հերթին բավականին բնական լույս է թափանցում, որն էլ միստիկ և գողտրիկ միջավայր է ստեղծում։ Երկրորդ հերթին քարանձավի տարբեր մասերում տեղադրված են մի քանի ոչ մեծ հնդկական սրբատեղեր։

Որոշ սրբատեղերի համար մուտքը բաց է միայն հավատացյալների համար, չնեղանաք․ այլ երկրների կրոնական դավանանքը և  սովորույթները հարգել պետք է։

 

Օգտակար խորհուրդներ․․․

Մուտքն անվճար է։

Ինչպե՞ս հասնել – ներբեռնել grabe taxi հավելելածը, քարտեզի վրա նշել հասցեն։ Քաղաքի կենտրոնից մոտ 50 րոպեում կհասնեք տեղ, կամ կարող եք գնալ մետրոյով։

Չմոռանանք Ձեզ հետ վերցնել ջուր, հատկապես 272 աստիճան հաղթահարելուց հետո ջրի կարիք կզգաք։

Թանկարժեք իրեր ձեզ հետ չվերցնեք, զբոսաշրջիկներից հատկապես շատ են գողանում։

Կանանց և աղջիկների համար – ուսերը և ոտքերը փակ պետք է լինեն, եթե փակ չեն, հոգ չէ, նախքան բարձրանալը ձեզ կտան սավան փակելու բաց մասերը, որի համար կվճարեք 5 ռինգիտ, հետո, երբ սավանը վերադարձնեք, ձեզ 3 ռինգիտը հետ կտան։

Կարծում ենք՝ դուք նույնպես սիրեցիք այս գույներով լեցուն և շատ գեղեցիկ վայրը։ Այսպիով, ավարտում ենք մեր այցելությունը Մալազիա, որտեղ հասցրինք ձեռք բերել լավ ընկերներ և անմոռանալի հիշողություններ։ Կուալա Լումպուրի տեսարժան վայրերին, Մալազիայի հետաքրքիր ուտեստներին և այն վայրերին, որտեղ մենք հասցրինք լինել, կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր նախորդ հոդվածները՝ հետևելով հղումներին` Weekends.am-ի ճանապարհորդությունը Մալազիա, Weekends.am-ը Մալազիայում․․․Կուալա Լումպուրի տեսարժան վայրերը, Կուալա Լումպուրի տեսարժան վայրերը․ մաս 2:

Իսկ մենք ամփոփում ենք այս այցը և սպասում Քրիստինեի վերադարձին Հայաստան։ Այո՛, Քրիստինեն փոքրիկ այցով վերադառանում է Հայաստան։ Հետաքրքիր է լինելու։