Քարի լիճ, որը գտնվում է  Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։ Քարի լիճը առաջացել է սառցե գոյացություններից։

Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը։

Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը, ձմռանը չի սառցակալում մինչև հատակը, իսկ գարնանն ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարին։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։

Այս weekend մենք մեր թիմով այցելեցինք լիճ, որը անչափ մաքուր էր և գերում էր իր գեղեցկությամբ, երկնքում պայծառ արև էր, բայց շուրջբոլորը ձյուն։ Ջուրը շատ գրավիչ էր, բայց մտնել և լողալ հնարավոր չէր, քանի որ սարսափելի ցուրտ էր։ Զբոսաշրջիկների պակաս այստեղ չէր զգացվում, շատ բազմամարդ էր․ չնայած ցրտին՝ մարդիկ իրենց ընտանիքներով գալիս էին և զբոսնում, երեխաները ձնագնդիկ էին խաղում․ բավականին հետաքրքիր էր․ հուլիս ամսին ձնագնդիկ․․․

Ինչ վերաբերում է ճանապարհին, բավականին նեղ և վտանգավոր ճանապարհ էր, եթե որոշեք գնալ միայն փորձառու և զգոն վարորդի հետ։