Շքեղ հանգիստը նախընտրողների համար այս վայրը ուղղակի իդեալական է, Սորենտո՝ քաղաք Հարավային Իտալիայում՝ Նեապոլի ծավածոցի հարավային ափին:

Սորենտոյի տեսարժան վայրերը, բնակլիմայական հրաշալի պայմանները, շքեղ հյուրանոցները հրապուրում  են բազում զբոսաշրջիկների։

Խանութները զբոսաշրջիկներին առաջարկում են գեղեցիկ խեցեղեն, ժանյակե գործվածքներ, զարդատուփեր, հուշանվերներ:

Սորենտո կարելի է հեշտությամբ հասնել Նեապոլից և Պոմպեյից ավտոմեքենայով, նավով, գնացքով: Մեզ Նեապոլի օդանավակայանում դիմավորեցին մեր հյուրանոցի աշխատակիցները և մինի ավտոբուսով ժամանեցինք Սորենտո քաղաքի  կենտրոնին մոտ՝ օդանավակայանից մեկուկես ժամ հեռավորության վրա գտնվող, մեր 5 աստղանի հյուրանոցը, որը գտնվում էր հենց սարի գագաթին։

Սորենտոյից ոչ շատ հեռու գտնվում են Վեզուվ հրաբուխը, Կապրի կղզին, ուր կարելի է հասնել աշխուժորեն երթևեկող նավերով ու նավակներով: Կապրի կատարած մեր այցելությունը կպատմենք հաջորդ հոդվածում։

Բնակավայրի հովանավորն է սուրբ ճգնավոր և տեղի բենեդիկտյան վանքի վանահայր Անտոնիուսը (555 կամ 556—625 թթ.). նրա տոնը նշվում է յուրաքանչյուր տարի փետրվարի 14-ին:

Գիդի օգնությամբ ծանոթացանք տեղական ավանդույթներին, տեսարժան վայրերին, թե որտեղ և երբ կարելի  է այցելել, որ ռեստորաններից օգտվել, նաև զգուշացնում էին, թե որտեղ ավելի զգույշ լինենք։

Մի խոսքով, արդեն ճանապարհին լավ ինֆորմացիա ստացած՝ հասանք մեր շքեղ հյուրանոցը, որտեղ մեզ էր սպասում Piano բառը՝ պանառամա տեսարանով, դասական երաժշտությամբ, և բացառիկ գինիների տեսականու հավաքածուն․ ասեք որ գայթակղիչ է։ Մեզ հյուրասիրեցին կոկտեյլ և տվեցին համարի բանալիները։

Շատ հարմար հյուրանոց, բարեհամբույր անձնակազմ, գները միջինից բարձր, բայց գինը և որակը համապատասխան էին։ Սնունդը 2  անգամ, բայց ժամերը կարող էինք փոխել։ Ցանկության դեպքում 3 անգամյա սնունդ, բայց  այդ տարբերակը այդքան էլ հարմար  չէր, քանի որ գները շատ  թանկ էին, ուստի ավելի նախընտրելի էր օրական մեկ անգամ սնվել դրսում։

Այցելեցինք Սորենտոյի Արվեստի ինստիտուտ, որտեղ ընթանում  էր Սոֆի Լորենի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցադրված էին դերասանուհու անձնական կինոմոտոգրաֆիկ լուսանկարները, և ներկայացված էր նրա կյանքի անցած ուղու  պատմությունը։ Շատ տպավորված էինք ցուցահանդեսով, ցավոք, ներսում լուսանկարելը արգելվում էր․․․

ՈՒզում ենք անդրադառնալ Սորենտոյի փողոցներին, ամեն մեկը կարծես ֆիլմի մի հատված հիշեցներ, շատ գեղեցիկ, հետաքրիր, քայլում ես ու քեզ զգում ես ֆիլմի հերոսուհի, ով այս վայրից այն վայր է տեղափոխվում։

Քաղաքը շատ արևային է և բուրում է ցիտրուսով, ինչը պայմանավորված է նրանով,  որ այստեղ շատ են մանդարինի և կիտրոնի ծառերը։

Իտալական խոհանոց

Իտալական խոհանոցը իզուր չէ որ հայտնի է ամբողջ աշխարհում, այն ոչ միայն համեղ է, այլև շատ գեղեցիկ։ Այստեղ կարող եք հանգիստ համտեսել ձկնեղն, քանի որ այն միշտ թարմ է։ Անգլիացիները սիրում են կատակել, եթե ծովը չես տեսնում, ձուկ մի կեր, սա այդ դեպքը չէ։

Փորձեցինք նաև իսկական իտալական թոնրի պիցցա՝ իտալացի խոհարարի ձեռքով պատրաստված․․․շատ համեղ էր․․․

Երեկոյան Սորենտոն  նույնպես շատ գեղեցիկ և ռոմանտիկ է, հատկապես դուր եկավ սրճարաններից մեկը, ուր մինչ հասնելը պետք է անցնեինք  կենտրոնական հրապարակի փողոցներից մեկով, որը կամարաձև ձևովորում ուներ, կամարների տակով անցնելիս ինքնաբերաբար ուզում էիր երազանք պահել։ Իսկ արդեն սրճարանում  նկարիչը մոտենում և լուսանկարում էր սիրահարներին, շատ ռոմանտիկ էր, հատկապես երեկոյան լուսավորության ներքո։

Նաև նշենք, որ լինելով այստեղ՝ դուք պետք է վճարեք քաղաքի հարկ, և դա չի մտնում հյուրանոցի ծախսերի մեջ, էնպես որ գնալիս դա ևս հաշվի առեք։

Ի դեպ, քաղաքը, վաղուց ի վեր հայտնի լինելով իր մեղմ կլիմայով ու փարթամ բուսականությամբ, բնակեցվել է դեռևս վաղ քարե դարի ժամանակներից ( սկսած մեր թվականությունից շուրջ 50 հազար տարի առաջ):

 

Շարունակելի․․․․