Վարդավառ կամ Վարդեվառ,  ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Հայաստանի շատ բնակավայրերում, սակայն տեղական ավանդույթի համաձայն, Վարդավառը նշվում է այլ օրերի՝ հուլիսի կեսերից մինչև օգոստոսի սկիզբը: Որպես օրինակ՝ Տավուշում, Լոռիում այս տոնը նշվում է հուլիսի 20-ին հաջորդող կիրակի օրը։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։