Վահանավանք նաև Հովհաննավանք, միջնադարյան վանական համալիր, որը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք՝ Ողջի գետի աջ կողմում, Տիգրանասարի լանջին։ Weekends.am-ի Սյունիք այցելության ժամանակ չէինք կարող չայցելել  այս վայրը, որը գերում է իր վեհությամբ։

Վանական համալիրի առաջին կառույցը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիք նահանգի Բաղք գավառի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով եկեղեցուն նվիրաբերել է հսկայական կալվածքներ։

Ավելի ուշ՝ 11-րդ դարի երկրորդ կեսին, Վահանավանքի մոտ կատարվում են նոր կառուցումներ, մեծ եկեղեցուց 25 մետր հեռու կառուցվում է մի ավելի փոքր եկեղեցի՝ սուրբ Աստվածածինը։ Նրա արևելյան պատի ներսի կողմում, հիմքին մոտ գտնվող քարերից մեկի վրա պահպանվել է 1086 թվականին վերաբերվող մի արձանագրություն, որտեղ խոսվում է այդ եկեղեցու կառուցման մասին։

Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահան Ա Սյունեցին։

Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։

Նշենք, որ վանքում մոմերը ոչ թե վաճառվում էին, այլ դրված էին, և յուրաքանչյուրը կարող էր մոտենալ, վերցնել և ցանկության դեպքում նվիրատվություն կատարել։