Կոլիզեում, այն երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է: Կոլիզեումը գտնվում է Հռոմի Ֆորումի արևելքում: Կառուցումը սկսել է Վեսպասիանոս կայսրը մ.թ. 72 թվականին, ավարտել է իր իրավահաջորդ ու ժառանգ Տիտոսը՝ 80 թվականին:

 Հետագա ձևափոխությունները կատարվել են Դոմիցիանոս կայսեր օրոք (81–96 թթ.): Այս երեք կայսրերը հայտնի են որպես Փլավիոսների դինաստիա, ամֆիթատրոնը լատիներեն անվանվել է նրանց ազգանունով՝ Փլավիոս (Flavius)։

Համարվում է, որ Կոլիզեումը կարող է տեղավորել մոտավորապես 50,000 – 80,000 հանդիսատես, միջինում ունեցել է մոտ 65,000 հանդիսատես։

Այն օգտագործվել է գլադիատորական մրցույթների, հանրային ներկայացումների, ինչպես օրինակ՝ նավմախիայի, (միայն շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ նկուղային հարկը լցվեց այլ զբաղմունքների համար նախատեսված մեխանիզմներով) կենդանիների որսերի, մահապատիժների, հայտնի մարտերի կրկնությունների և հռոմեական դիցաբանության վրա հիմնված դրամաների համար: Վաղ միջնադարում կառույցը դադարեցին օգտագործել զվարճանքների համար:

Հետագայում այն օգտագործվեց այլ նպատակների՝ բնակեցման, արհեստանոցների համար, որպես հոգևորականների թաղամաս, ամրոց, քարհանք և քրիստոնեական սրբավայր:

Չնայած երկրաշարժերի պատճառով մասամբ ավերված լինելուն՝ Կոլիզեումը մինչ օրս Հռոմեական կայսրության պատմական խորհրդանիշներից է և համարվում է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը:

Այն հռոմեական ամենահայտնի տեսարժան վայրերից է ու կապված է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ, քանի որ ամեն Ավագ Ուրբաթ Հռոմի Պապը «Խաչի ճանապարհը» անվամբ մոմավառության երթ է գլխավորում, որը սկսվում է Կոլիզեումի շրջակա տարածքից:

Կոլիզեումը պատկերված է հինգ ցենտ արժողությամբ եվրոյի մետաղադրամի իտալական տարբերակի վրա:

Հոդվածում տեղ գտած լուսանկարները weekends.am-ին տրամադրել է մեր հետևորդ Օկսաննա Գորգինյանը: