Ինչպես գիտեք, weekends.am-ը ուղևորվել էր Սյունիք՝ Սյունյաց աշխարհի գեղատեսիլ վայրերը ձեզ ներկայացնելու համար։ Այս ճանապարհորդության ընթացքում մեզ համար ամենատպավորիչ վայրերից մեկը Տաթևի վանական համալիրն էր։ Այն  IX դարի պատմական հուշարձան է, Հայաստանի հնագույն հոգևոր կենտրոններից, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանն էր: Վանքը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում։

Մենք մեր արկածներով լեցուն և <<դժվարին>> ուղին սկսեցինք վաղ առավոտյան և արդեն կեսօրին մոտ վանական համալիրում էինք։ Ինչպես և սպասում էինք, բազմաթիվ զբոսաշրջիկներ, օտարերկրացիներ․․․հատկապես ամռանը այստեղ շատ մարդաշատ է լինում։

Այստեղ մինչ համալիրի տարածք մտնելը կտեսնեք փոքիկ վաճառքի կետեր,   հուշանվերների սեղանիկներ  և այս վարդագույն մեքենան, որում կարող եք լուսանկարվել․․․իսկ հետո մուտք եք գործում համալիրի տարածք, և ներաշխարհը փոխվում է․․․

Անասելի վեհությամբ վանքը և նրա՝ բարձունքից  բացվող անծայրածիր կանաչը․․․

Զբոսաշրջիկների մեծ մասը վանական համալիր բարձանում է  Տաթևի թևեր ճոպանուղիով /2010 թվականին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որը նպաստում է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը/։  «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի:

Ճոպանուղիով վանք հասնելը յուրահատուկ հմայք է հաղորդում համալիրին, շունչդ պահած վայելում ես բարձունքից բացվող գեղեցիկ տեսարանը, և թվում է՝ վերջ, այլևս ոչինչ չի կարող քեզ զարմացնել, բայց ոչ, հասնում ես համալիր, և մի նոր զգացողություններ, դարերի շունչը ասես զգում ես մաշկիդ վրա, և պատմության ծանր հետքերը ակնթարթի նման անցնում են առջևովդ, որին հաջորդում է հպարտության զգացումը, որ չնայած բազմաթիվ փորձություններին՝ վանքը պահպանվել է։

1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել էր, գետնին էին հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։

Զարմանալի է, բայց բակի կենտրոնում Xդ. սկզբին կառուցված  ճոճվող հուշասյունը («Գավազան») միակ կառույցն է, որը բազմաթիվ երկրաշարժներից պահպանվել է անխաթար՝ վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին:

Համաձայն Վանքի անվան ծագման մասին  լեգենդներից մեկի, երբ վանքը կառուցող վարպետը ավարտել է իր աշխատանքը, նա խնդրել է Աստծուն իրեն թևեր տալ, որպեսզի նա  երկնքից տեսնի այս գեղեցկությունը:  Աստված  լսել է նրան   և կատարել նրա խնդրանքը:  Վարպետը թռել, գնացել է անհայտ ուղղությամբ։ Բանվորներն առանց վարպետի չեն կարողացել հանել վանքի փայտյա սկալաները։ Ժամանակ անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկել վարպետի մոտ և խնդրել, որ նա գա,  հանի վանքի սկալաները։ Սակայն վարպետը չի  վերադարձել։ Նա միայն հայտնել է հանելու  եղանակը։  Վարպետի ասած խոսքից «Հոգին սուրբ տա թև» վանքը կոչվում է Տաթև։

«Տաթև» նշանակում է «Տուր թևեր»:

Այսօր Տաթևի թևեր ճոպանուղու օգնությամբ մեզնից յուրաքանչյուրը ունի հնարավորություն վայելելու վանքի գեղեցկությունը с высоты птичьего полета.