Իֆ ամրոցը պաշտպանական կառույց է Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի արշիպելագի մոտ՝ Մարսելից 4կմ հեռու։ Սկզբում կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար։ 16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ 1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարել է բանտ լինելուց:

1844-1845 թվականներին ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման գրում է «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքները Իֆ ամրոցում։

Վեպը մեծ հռչակ է ձեռք բերում ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ։ Այդ պատճառով էլ սկսած 1890 թվականից՝ Իֆ ամրոցի բացումից, ամրոցը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Ամրոցում ներկայացվում են վեպի ստեղծագործական պատմությունը, նրա բազմաթիվ էկրանավորումները, «Մոնտե-Քրիստո» անունով ձեռնարկություններ ու ապրանքներ։

Ամրոցի առաջին հարկում զբոսաշրջիկների համար բացվել է Էդմոն Դանտեսի խուցը, որի բանտարկյալը Դյումայի մտահղացմամբ Էդմոն Դանտեսն է եղել։ Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է։ Խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով։

Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»:

Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել և Էդմոն Դանտեսը, որը երբեք գոյություն չի ունեցել /Ալեն Դեկո/:

Այսօր Իֆ ամրոցը Մարսելի այցեքարտերից է. քաղաքի շատ հյուրեր ձգտում են այցելել կղզի։ Ամրոցում կազմակերպվում են շրջագայություններ տարբեր բանտախցերով, վաճառվում են հուշանվերներ, իսկ բաց հրապարակում գործում է սրճարան՝ Մարսելի տեսարանով։

Հոդվածում ներկայացված լուսանկարները տրամադրել է մեր հետևորդ Մարթա Ասատրյանը։