Երեկ մեր թիմը գնացել էր Գառնի, Գեղարդ հետաքրքիր weekend ունենալու և լավ օր անցկացնելու համար։ Քանի որ վստահ ենք, որ շատերդ բազմիցս եղել եք Գառնի, Գեղարդում, չենք ուզում անդրադառնալ այս վայրերի պատմամշակութային կողմերին, այլ ուզում ենք պատմել, թե ինչ մթնոլորտ էր տիրում այնտեղ։

Այն, որ Գառնի, Գեղարդը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, դրանում կասկած չկա, բայց երեկ այնտեղ մի յուրահատուկ իրավիճակ էր։ Նայում ես․ մի կողմում՝ չինացիների խումբ, մյուս կողմում՝ ֆրանսիացիների խումբ, մյուս կողմում՝ անգլիացիների մի մեծ խումբ․ բոլորը ոգևորված ծանոթանում են Գառնու տաճարի պատմությանը․․․ Հանկարծ տաճարի տարածք է մտնում Անգոլայից ժամանած զբոսաշրջիկների այս խումբը, որը գրավում է բոլորի ուշադրությունը։

Այս խմբից մի այլ կարգի դրական էներգետիկա էր գալիս, այնքան գեղեցիկ էին նրանք․ մոտեցանք և շփվեցինք նրանց հետ, հաճույքով լուսանկարվեցին մեզ հետ weekends.am–ի համար և պատմեցին, թե որքան են հավանել մեր երկիրը․ անգամ ընկերացանք։

Նրանք գրավել էին բոլորի ուշադրությունը, ու այնքան հաճելի էր, որ մեր ազգակիցները ոչ թե տարօրիանակ և խեթ հայացքներ էին գցում նրանց կողմ, ինչպես տարիներ առաջ էր, այլ բոլորը ցանկանում էին նրանց հետ նկարվել, ասես ինչ-որ հայտնի խումբ եկած լիներ։

Նրանք էլ իրենց հերթին էին հայերի հետ սելֆիներ անում։ Մի խոսքով, ո՛չ մաշկի գույնը նշանակություն ուներ, ո՛չ ազգությունը, ուղղակի մարդկային ջերմ միջավայր էր․․․ Էսպես շատ դրական լիցքերով օր ունեցանք, նոր ընկերներ ձեռք բերեցինք և հաճելի ժամանակ անցկացրինք։ Իսկ մեր անգոլացի  հյուրերը իրենց հետ տարան բազմաթիվ լավ տպավություններ, հայկական ջերմ ընդունելություն և լիքը սելֆիներ․․․