Արգելված քաղաք, Մին և Քին դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ: Այն գտնվում է Պեկինի կենտրոնում և ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքների բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։

Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում՝ համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար (ավելի քան 180 ակր) տարածք։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմում գրանցվել է 1987 թվականին, և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։

1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մին և Քին դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։

Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14․6 միլիոն այցելուներով Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է։