Weekends.am-ը շարունակում է բացահայտել աշխարհի գեղեցիկ անկյունները և իհարկե կիսվում է իր տպավորություններով և օգտակար խորհուրդներով ձեզ հետ։

Ինչպես գիտեք, մեր թիմի անդամ Արմինեն շրջում է Անգլիայում և նոր վայրեր է բացահայտում մեր հետևորդների համար։ Այս անգամ ձեր ուշադրության ենք ներկայացնում Բլենհայմի պալատը, որը Անգլիայի ամենագեղեցիկ պալատներից մեկն է, և հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են այն տեսնելու։

Օքսֆորդից ոչ շատ հեռու գտնվում է գեղատեսիլ Բլենհայմի պալատը, որը  Անգլիայի ամենամեծ պալատական համալիրներից մեկն է։ 1987 թվ այն ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Բլենհայմի պալատը տարբերվում է նրանով, որ կառուցված է բարոկկո ոճով, որը տիպիկ չէ Անգլիային։

Այս վայրի բացառիկ լինելը պայմանավորված է նաև պատմական իրադարձություններով և հայտնի մարդկանցով, որոնց անունները կապված են պալատի  հետ։ Օրինակ՝ հենց այստեղ է ծնվել Ուինսթոն Չերչիլը, ում անգլիացիները համարում են մեծագույն բրիտանացիներից մեկը:

Անձամբ վարչապետը հետագայում ասել է, որ այս վայրի հետ կապված են իր կյանքի երկու կարևոր իրադարձությունները՝ իր ծնունդը և ապագա կնոջը ամուսնության առաջարկություն անելը․․․

Ամրոցի մեծ մասը, բացի մասնավոր սենյակները, բաց է զբոսաշրջիկների համար․․․ Զբոսաշրջիկներին հնարավորություն է տրված ուսումնասիրել պալատի տեսարժան վայրերը, զբոսնել բացառիկ գեղեցկությամբ այգում, ձկնորսությամբ զբաղվել տեղի լճում, գնել տեղական հուշանվերներ և բուժիչ հանքային ջուր։  Այստեղ կազմակերպվում են նաև  հարսանյաց հանդեսներ և  կորպորատիվ միջոցառումներ։

Պալատը այնքան գեղեցիկ է, որ հաճախ այստեղ անգամ ֆիլմեր են նկարում՝ օգտագործելով նա գեղեցկությունը որպես դեկորացիա։

Այն գտնվում է Օքսֆորդից ոչ շատ հեռու, և այստեղ հեշտությամբ կարող եք հասնել ոտքով, այդպես նաև կկարողանաք վայելել շրջակայքի ողջ գեղեցկությունը։ Բացի դա,  ավտոբուսով  այստեղ կհասնեք մոտ կես ժամում, մինչդեռ հանգիստ զբոսնելով՝ պալատ կարող եք հասնել 10 րոպեում։

Առաջինը Բլենհայմի պալատում ուշադրությունը գրավում է շքեղ մարմարե դահլիճը։

Գրադարանը նույնպես շատ հետաքրքիր է, առաջին հայացքից այն անվերջ է թվում, քանի որ շատ մեծ է․ այստեղ գտնվող գրքերի մեծ մասը հազվագյուտ հրատարակություններ են։

Նաև պալատը ունի հսկայական երգեհոն․ որի ոչ միայն չափերն են  զարմացնում  զբոսաշրջիկներին, այլև արտաքին տեսքը․ դատե՛ք ինքներդ․․․

Ի դեպ, հենց այս երգեհոնն է ուղեկցում հարսանյաց հանդեսները  այն մարդկանց, ովքեր  ցանկացել են շքեղագույն ձևով նշել իրենց հարսանիքը։

Բոլոր հյուրերին էքսկուրսավարները ուղեկցում են այն սենյակը, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։

Թանգարանի սեփականատերերի հետաքրքիր մտահղացումներից է  մաքրուհին, ով անցկացնում է էքսկուրսիաներ պալատում․ ի՞նչն է հետաքրքիր, կասեք դուք, դե բանն այն է,  որ մաքրուհին ուրվական է․․․

Դե իհարկե, նա իսկական ուրվական չէ, չնայած նրան, որ հին ամրոցներում և տներում դա բացառություն չէ, բայց այս ուրվականը ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Ի դեպ, կիսաթափանցիկ ուրվականի տեսքը, ով պատմում է ամրոցի պատմությունը, վախ է առաջացնում նույնիսկ նրանց մոտ,  ովքեր գիտեն, թե բանն ինչում է։

Անգլիական հրաշք այգին  Բլենհայմի պալատի զարդն է, որը զարմացնում է իր գեղեցկությամբ և հնարավորություն է տալիս յուրաքանչյուր այցելուի զմայլվել գեղեցիկով։

Այս այգում դուք կտեսնեք բազմաթիվ արտառոց բույսեր ամբողջ աշխարհից, նաև այգում կա թիթեռների տուն, որում պահվում է կենդանի միջատների հսկայական հավաքածու:

Բոլոր նրանց համար, ովքեր սիրեցին այս վայրը և կցանականան գնալ այն սեփական աչքերով տեսնելու, խորհուրդ կտանք  էքսկուրսիան սկսել առավոտյան, որպեսզի հանգիստ կարողանաք զբոսնել դահլիճներով, քանի որ  կեսօրին այնքան մարդաշատ է լինում, որ հնարավոր չէ վայելել այս պալատի ամեն մի գողտրիկ անկյունը։

Իսկ մինչ Ձեր ուղևորությունը, դիտեք մեր թիմի անդամ Արմինեի /MINKA/ ֆոտոշարքը այս կախարդական պալատում։

« 1 of 4 »