«Ծիծեռնակի բույն»-ը ճարտարապետական ու պատմական հուշարձան է, որը կառուցված է Ղրիմի հարավային ափին գտնվող Ավրորա ժայռի վրա։

Առաջին փայտե շինությունը այդ վայրում կառուցվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո պաշտոնաթող ռուսաց գեներալի համար:

Այս զարմանալի ամառանոցի երկրորդ տերը դարձավ Լիվադիական պալատում ծառայած պալատական բժիշկ Ա. Կ. Տոբինը: Նրա մահից հետո տնակը որոշ ժամանակ պատկանում է բժշկի այրուն, ով վաճառում է տարածքը մոսկվացի առևտրական Ռախմանինային: Նա քանդում է շենքը և դրա փոխարեն կառուցում է փայտյա մի ամրոց, որն էլ ինքն անվանում է «Ծիծեռնակի բույն»:

Իր ներկայիս տեսքը «Ծիծեռնակի բույնը» ստացել է շնորհիվ գերմանացի նավթարդյունահանող բարոն Պ. Լ. Շտենգելի, որը սիրում էր հանգստանալ Ղրիմում: Շտենգելը ձեռք է բերում Ավրորայի ժայռի ամառանոցային հատվածը և որոշում այնտեղ կառուցել մի ռոմանտիկ ամրոց, որը կհիշեցնի Ռեյնի ափին գտնվող միջնադարյան կառույցները: 

Հին փայտե շենքը քանդվում է, և արդեն 1912 թվականին նեղ մակերեսի վրա վեր է խոյանում մի յուրահատուկ գոթական ամրոց: Ճարտարապետի կողմից մտածված աստիճանական կոմպոզիցիան սկսվում էր փոքր չափի տարածքներից:

12 մետր բարձրություն ունեցող շենքը բարձրանում էր 10 մ լայնությամբ և 20 մ երկարությամբ հիմքի վրա: «Թռչնի» ծավալներին համապատասխանում էր ներքին կառուցվածքը՝ ժայռի վրա բարձրացող երկհարկանի աշտարակում հաջորդաբար դասավորված նախասրահ, հյուրասենյակ, աստիճաններ և երկու ննջասենյակ: Շենքի հարևանությամբ առանձնացվեց այգի:

Քաղաքացիական պատերազմի տարիներին «Ծիծեռնակի բույնը» լքված է մնում: 1927 թվականին Ղրիմում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ: Ամրոցի տակ ժայռի մեջ խորը ճաք է ձևավորվում, նրա մի մասը այգու հետ քանդվում, թափվում է ծով, մի հատված էլ կախվում է անդունդից, սակայն շենքը գրեթե չի տուժում:

Ամրոցի վերականգնումը սկսվել է 1960-ական թվականներին: Ժայռն ամրապնդվում է, ամրոցի հիմքում անց է կացվում երկաթբետոնե սալիկ, իսկ ինքը վերանորոգվում է։ Շենքը դառնում է Ղրիմի խորհրդանիշ: