Սուրբ ընտանիքի քավության բազիլիկա և մայր տաճար, ավելի հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա։ Այն Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն պատկանող մայր տաճար է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։ Տաճարի ճարտարապետն է Անտոնիո Գաուդին։ Պաշտելով հանդերձ՝ իսպանացիները նրան անվանում են խելագար՝ հավատացած լինելով, որ սովորական մահկանացուն չէր կարող ստեղծել այնպիսի մի տաճար, ինչպիսին «Սուրբ ընտանիքն» է, որի շինարարությունն սկսվել է 1882 թվականին։

Ստանձնելով տաճարի շինարարության դժվարին գործը՝ Գաուդին նվիրվեց ամբողջ էությամբ։ Քառասուներեք տարի շարունակ նա չունեցավ ո՛չ անձնական կյանք, ո՛չ որևէ այլ հետաքրքրություն։ Այդ զարմանալի մեծահանճար ճարտարապետը նույնիսկ տուն չէր գնում. ապրում էր կիսավարտ կառույցի խցերից մեկում և աշխարհն ուրացած՝ խելահեղ նվիրումով իրականացնում իր երազանքը։ Պատահում էր, որ քանդել էր տալիս արդեն կանգուն մի հատված՝ չնչին փոփոխություններ կատարելու նպատակով։ Գաուդիի կյանքի իմաստը տաճարն էր և այն ավարտելու անհնարին ցնորքը։ Տաճարը լիովին կանգուն տեսնելու բախտը վիճակված չէր մեկ կյանք ապրած որևէ մարդու։

Ըստ նախագծի՝ կառույցը պետք է լիներ խաչի նման, այսինքն՝ քառաթև, և պետք է ունենար երեք ճակատային մաս՝ Քրիստոսի կյանքի կարևորագույն հատվածների պատկերներով՝ ծնունդը, կյանքը, Հուդայի դավաճանությունն ու մատնությունը, Տիրոջ խաչվելն ու հարությունը։ Այս վերջինը՝ որպես բարու, աստվածայինի հաղթանակի խորհրդանիշի, պիտի լիներ ամենաճոխն ու փառավորը։ Գաուդիի կենդանության օրոք կառուցվեց միայն առաջինը։ Ճակատներից յուրաքանչյուրը պիտի զարդարվեր երկինք մխրճված չորսական աշտարակներով։ Այսինքն՝ ընդհանուր հաշվով տասներկու աշտարակ՝ նվիրված տասներկու Առաքյալներին։ Կենտրոնական մասում պիտի կառուցվեր չորս ժամատուն՝ նվիրված չորս ավետարանիչներին՝ Մատթեոսին, Մարկոսին, Ղուկասին և Հովհաննեսին։ Իսկ այդ ամենի կենտրոնում նախատեսված էր կառուցել մյուսներից շատ բարձր երկու սրածայր աշտարակ՝ Հիսուս Քրիստոսի և կույս Մարիամի։

Եվ այդ «փոքրիկ» կառույցն այսօր տեղավորում է միանգամից 30000 հավատացյալ։

1926 թվականին կիսավարտ տաճարի մոտ տրամվայը հարվածեց բանվորական հասարակ հագուստով թափառաշրջիկ հիշեցնող մի մարդու։ Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ երկու օր մահվան դեմ պայքարելուց հետո նա մահացավ։ Ոչ ոք չգիտեր՝ ով է այդ մարդը, ովքեր են նրա հարազատները։ Իսկ այդպիսիք չէին հայտնվում։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ թափառաշրջիկի կերպարանքով այդ մարդն այն խելահեղ հանճարն է, որը զարմացրել էր ողջ աշխարհը։ Եվ միայն երեք օր անց պարզվեց հանգուցյալի ինքնությունը։ Նրան հատուկ պատիվներով թաղեցին խորանում այն նույն շինության, որ եղել էր նրա կյանքի նպատակը, իսկ հետո եղավ վերջնական հանգստարանը։ Այդ մարդը գերերկրային հանճար Անտոնիո Գաուդին էր։

Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։

Եկեղեցին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։