Պատմում է մեր հետևորդ Մարիամ Սեդրակյանը․․․

Վաղուց, շատ վաղուց, երբ մենք սկսեցինք հասկանալ սիրո ուժն ու զորությունը, որոշեցինք, որ այդ աստիճան զորեղ զգացումներ կարող են ստեղծված լինել միայն Աստվածների կողմից։ Ստեղծեցինք տարբեր դեմքերով ու կերպարներով Աստվածներ։ Հռոմեական դիցաբանության մեջ` Վեներա, եգիպտականում՝ Հատորը, հունականում՝ Աֆրոդիտե, հայկականում՝ Աստղիկ ու էլի շատ ու շատ անուններ, կերպարներ։ Տարբեր մարմնավորումներ ստացած ձևով սերը սկսեց շրջել աշխարհում, դարձավ բոլորի շուրթերին, առօրյայում կամ մտքերում սավառնող և՛ շոշափելի, և՛ երևակայական մի բան։ ժամանակի ընթացքում մենք հորինեցինք տոներ, սիրո հովանավորներ`Վալենտին, Սուրբ Սարգիս… Նպատակը մեկն էր՝ տալ նրան կերպարներ, նրանից ստեղծել տոներ, շատ խոսել ու հասկանալի դարձնել նրա՝ ոչ բոլորին հասանելի էությունը։ Դարեր են անցել, ու այսօր հերթական անգամ սիրո տոն ենք շնորհավորում, կայքերը ողողված են սիրո մասին հոդվածներով… Իսկ որևէ մեկը այսօր մտածե՞լ է սիրուն տալ կերպար, հասկանալ սերը ի վերջո որտե՞ղ է ապրում, սրտու՞մ, արարքներու՞մ, գուցե աստվածային կերպարներու՞մ… ։ Չէ՛, ես չեմ գնացել հեռու, չեմ թերթել պատմությամ էջերը կամ կայքերը։ Ես թերթել եմ իմ սիրո պատմության նկարները։ Ու հիմա թող մնան առասպելներն իրենց տեղում, թող տոնվեն ամբողջ աշխարհում սիրո նվիրված տոները, ու թող այն լինի տարբեր անուններով, բայց ինձ համար այն չունի հստակ դիմագծեր, այն արտացոլանքն է սիրող հայացքի։ Սերը ապրում է սիրողի աչքերում, մեկմեկու ուղղված հայացքում, որտեղ կա ներդաշնակություն։ Ու կարևոր չէ, թե որ դիցաբանության, որ աստվածն է հովանավորում, կամ թե այսօր Վալենտինի օրն է, թե չէ, կարևոր է, գտնել սիրո մեջ ներդաշնակություն, և ամեն օրը կդառնա սիրո օր։ Շնորհավոր սիրո օրը 😉