Weekends.am-ը իր ամենաակտիվ հետևորդ Մարթա Ասատրյանի հետ սկսում է «Վիրտուալ ճամփորդություն» նախագիծը, քանի որ այն համընկնում է կայքի որդեգրած քաղաքականությանը, այն է՝ տալ մարդկանց հնարավորություն պատմել, կիսվել իրենց տպավորություններով, խորհուրդներ տալ մյուսներին իրենց  ճանապարհորդությունները պլանավորելիս։ Այսուհետ սկսում ենք ներկայացնել «Վիրտուալ ճամփորդություններ»-ի շարքը, որին կարող եք մասնակից լինել և դուք։ Օգտագործե՛նք՝ այս ժամանակները զարգանալու, նոր վայրեր վիրտուալ բացահայտելու համար և արդեն նոր ժամանակներում՝ կորոնավիրուսից հետո, ճամփորդենք նոր աշխարհում առավել պատրաստված։ Եղե՛ք առողջ և մնացե՛ք տանը։

 Նախագծի պատմությունը․ պատմում է Մարթա Ասատրյանը

 

«Հարգելի ուղևոր, ելնելով աշխարհում տիրող իրավիճակից՝ ձեր չվերթը չեղարկվել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Մի նախադասություն, և հազարավոր մադկանց երազանքներ կանգ են առնում ժամանակի ու տարածության խաչմերուկում: Երկրագունդը կարծես շեղվել է իր առանցքից… իսկ միգուցե չի շեղվել, այլ ժամանակավորապես կանգ է առել և ուզում է հանգստանալ մարդկանցից: Դե իհարկե.

  • Վենետիկի ջրանցքները մաքրվել են և տեղացիների խոսքերով մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը գրեթե անհնար է եղել, իսկ այժմ ձկները պարզորոշ երևում են բյուրեղյա մաքուր ջրերում:
  • Եվրոպական տիեզերական գործակալությունն արդեն տեղեկություններ է հրապարակել Իտալիայի խոշոր քաղաքներում՝ Վենետիկում, Միլանում, Թուրինում և Բոլոնիայում, օդում NO2-ի՝ ազոտի օքսիդի մակարդակի կրճատման մասին։

Այս շարքը ամեն օր կթարմանա, երկրագունդը շունչ կքաշի մեզանից: Չէ որ օրեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ են ճամփորդում աշխարհի մի ծայրից մյուսը, ու մեր երկիրը այլևս չէր կարողանում կառավարել մարդկանց հսկայական հոսքերը: Երկրագնդի այս SOS-ը մտահոգիչ էր ու ինձ չէր կարող չանհանգստացնել, և ես էլ միջազգային ավիափոխադրողների պես չեղարկեցի սովորողներիս բոլոր չվերթները և ձեռք բերեցի «Վիրտուալ ճամփորդությունների փաթեթը»:

«Վիրտուալ ճամփորդություն» նախագիծը հասավ իր նպատակին: Եթե ֆիզիկական միջավայրում իրականացվող նախագծերը հաճախ դժկամությամբ են կատարում, ապա այս նախագիծը համակեց ճամփորդ ընկերներիս մեծ մասին:

«Վիրտուալ ճամփորդություն» նախագծի արդյունքում ունեցանք ճամփորդական փաթեթ կամ գրքույկ զբոսաշրջիկների համար: Ձեզ առաջարկում ենք ճամփորդել մեզ հետ. ուղղակի ճանապարհորդելը ձանձրալի է, բայց երբ այն նպատակ ունի՝ կրթում է և հաճույք պատճառում, ապա ձանձրույթի մասին խոսելն ավելորդ է:

Ճամփորդելը գումարի մեջ չէ, այլ ցանկության:

 

Լուսանկարում Մոնակոյի արքայական պալատն է․․․

 

Հոդվածները ամեն օր կհրապարակվեն weekends.am կայքում

 

Weekends.am Ճամփորդական Օրագիր բոլորի համար