Պատմում է Աննա Ստեփանյանը

Որոշեցի՝ էսօրվանից կտրվում եմ էս «Արտակարգ իրավիճակ»ից ու գնում եմ «Լաստիվեր», մի տեսակ էքստրիմալ ճամփորդության անհագ ցանկություն կա: Կգա՞ք… Հա, մոռացա նշել՝ վիրտուալ եմ ճամփորդում: ))

Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզում, Ենոքավան գյուղի ծայրամասում: Ցանկացած հրաշք տեսնելու համար պետք է չարչարվել, տանջվել՝ նպատակին հասնելու բերկրանքը անբացատրելի է, ուստի չենք հանձնվում և շարժվում ենք առաջ: Պետք է Տավուշի խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, որտեղ էլ գտնվում է այդ թաքնված գանձը: Իսկ արահետի վերջում մեր առջև կբացվի Լաստիվերի ջրվեժի գեղեցիկ տեսարանը:

Բոլորիս նպատակը մեկն է՝ տեսնել փայտե փոքրիկ տնակները՝ շինված ծառերի վրա, «Լաստիվեր» քարանձավը և իհարկե, փառահեղ ջրվեժը: Չենք մոռանում, որ ճամփորդությունը էքստրեմալ է, ուստի ոչ մի դեպքում չպետք է հանձնվենք և պետք է հասնենք մեր նպատակակետին: Չեմ ստի, կասեմ, Լաստիվերի ձորը իջնելու ճանապարհը շատ բարդ է: Այն մի նեղլիկ արահետ է՝ ձորի բերանին: Արահետը բարդ լինելով մեկ տեղ՝ ունի նաև իր հետաքրքրությունները: Դժվարությունները չենք նկատի, եթե շուրջբոլորը ուսումնասիրելով գնանք առաջ: Քաղաքի գրեթե աղտոտված օդից կտրվել՝ մաքուր օդ ենք գտել, ագահի նման շնչում ենք: Օդը մեզ ուժ է հաղորդում, և չնայած այս բոլոր դժվարություններին, մենք չենք հոգնում և առաջ ենք գնում:

Հասանք… Հիմիա մեր առջև բացվել է մի դրախտային տեսարան: Այնքա՜ն գեղեցիկ են ժայռերի ու քարերի վրա կառուցված փայտե փոքրիկ  տնակները, որ ակամայից ցանկություն է առաջանում այնտեղ ապրելու: Մի բաժակ սուրճ, մաքուր օդ և փայտե տնակներ…

Իհարկե, այս բնությունը վայելելու համար նույնիսկ շաբաթներն են քիչ, սակայն մեր ժամանակը բավականին սուղ է և մենք պետք է շտապենք «Խաչաղբյուր» ջրվեժ: Չենք մոռանում, մաքրում ենք ձեռքերը և պահպանում ենք հիգիենա: Այո՛, նույնիսկ այս էքստրեմալ պայմաններում: Մի քանի տեղ ցատկոտելով՝ մեր առջև բացվում է մի գեղատեսիլ տեսարան: Ջրի ձայնը կարող ես անվերջ լսել, վայելել մաքուր օդը և իհարկե` թռչունների ծլվլոցը…

Անհամբեր ենք, ցանկություն կա «Լաստիվեր» քարանձավը տեսնելու: Գնում ենք առաջ… Հողը սահում է ոտքերի տակից և չի թողնում ամուր կանգնել, սակայն դա մեզ չի կանգնեցնում և մենք սլանում ենք առաջ: Քարանձավը շատ մեծ ու խորն է: Քարանձավի հատակին պատերից պոկված շատ հանքաքարերի բեկորներ կան: Ասում են, որ այդ հանքաքարերը այնքան թանկարժեք են, որ հին ժամանակներում մարդիկ գալիս էին՝ դրանք պատերից քերելու:

Էսպես ճամփորդեցինք… Մի փոքր կտրվեցինք մեր առօրյա ձանձրույթից, հասանք Տավուշի մարզ՝ Լաստիվեր:  Թեպետ ճանապարհը բարդ էր, համենայն դեպս էքստրիմի սիրահարների համար էր: Պահպանեք հանգստություն, հիգիենա: Շուտ-շուտ լվացեք ձեռքերը, և հետևեք հրահանգներին: Առողջություն: ))