Պատմում է Մանե Թոռունյանը

Ամբողջ աշխարհում տիրող խուճապային իրավիճակը, փակել է մեզ տանը ու կարծես զրկել ազատությունից, և նույն իսկ պատուհանից այն կողմ տիրող եղանակը նպաստում է, որ մնանք տանը ու շարունակենք գոյատևել։
Այսօր <<Վիրտուալ ճամփորդություն>> նախագծի շրջանակներում ցանկանում եմ միասին կտրվենք ներկա իրավիճակից և տեղափոխվենք դեպի Բրազիլիա՝ անսահման գույների, արևի և ազատության երկիր։

Բրազիլիա՝ նեղ փողոցներ, գունավոր շենքեր և տներ, արևի շողեր, անվերջ հնչող երաժշտություն, ծով, ֆուտբոլ և իհարկե գունավոր և արտասովոր կառնավալներ։ Ահա այս ամենը ստեղծում է տրամադրություն և մեծ ցանկություն բացահայտելու Բրազիլիան։  

Դե ինչ, սկսեցի՛նք։

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Բրազիլիայի ամենամեծ և գունավոր քաղաքում ենք՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Գտնվում ենք 700 մետր բարձրությամբ Կորկովադո լեռան գագաթին, քանի որ հենց այնտեղ է Ռիոյի խորհրդանիշը և իհարկե Բրազիլիայի գլխավոր գրվաչությունը՝ Քրիստոսի Քավիչ արձանը, որն ի դեպ Հիսուսի 5-րդ ամենամեծ արձանն է աշխարհում։

Այս ամենը պատկերացնելուց հետո կարող ենք համարել, որ առաջին և ամենակարևոր քայլն արված է դեպի Բրազիլիայ բացահայտումը։ Հաջորդ կարևորագույն կետը դա իհարկե կառնավալն է։ Բրազիլիա և կառնավալ բառերը կարծես հոմանիշներ լինեն և մեկն առանց մյուսի պատկերացնելն ուղղակի անհնար է։ Մենք գտնվում ենք Ռիոյում, որտեղ կազմակերպվում են ամենամեծ և շքեղ կառնավալները։ Նմանատիպ կառնավալների մասնակիցների քանակը հիմնականում հասնում է մոտ երկու միլիոնի և այն տևում է չորս օր։ Պատկերացնելն անգամ ժպիտ է պարգևում՝ չորս օր, չորսն էլ տարբեր և արտասովոր։ Մարդիկ համախմբվում և ուրախանում են, ուղղակի ժպտում ու վայելում կյանքը։