Պատմում է Անգելինա Արզումանյանը

Աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Փարիզը, դարձել է միլիոնավոր մարդկանց ձգտում:

Ոմանց գրավում է յուրօրինակ ճարտարապետությունը, ոմանց՝ խոհանոցը, ոմանք էլ պարզապես ուզում են տեսնել Էֆելյան աշտարակն ու լուսանկարվել:

Գրեթե մեկ շաբաթ անցկացնելով սիրո քաղաքում՝ կարող եմ վստահեցնել` չեք փոշմանի, եթե այցելեք:  Պարզապես հնարավոր չէ աչք կտրել քաղաքի շինություններից: Նրա նեղ փողոցներով զբոսանքն անասելի հաճույք է պատճառում: Քաղաքի ամեն անկյունում կարելի է փորձել ֆրանսիական խոհանոցի գլուխգործոցները:

Օրվա ամեն ժամի զբոսանքը տարբերվում է: Հարկավոր է նախօրոք ստուգել տվյալ օրվա/ժամի ջերմաստիճանը: Ապահովության համար պետք է ունենալ անձրևանոց կամ ջրակայուն բաճկոն: Եթե մոլորվել եք կամ չեք գտնում ձեր ուզած վայրը, կարող եք անգլերենով հարցնել տեղաբնակներից: Ֆրանսերենի իմացությունն անհրաժեշտ չէ: Բացի այդ, Google maps-ը շատ լավ է աշխատում և կարող եք ձեր սմարթֆոնով արագ կողմնորոշվել:

Եթե գնացել եք Փարիզ, ուրեմն անպայման պետք է լուսանկարվեք Էֆելյան աշտարակի մոտ:  Բավարար ժամանակ ունենալու դեպքում խորհուրդ եմ տալիս բարձրանալ աստիճաններով՝ վերելակի փոխարեն: Այն տեսարանը, որ բացվում է աշտարակից ուղղակի անկրկնելի է: Երեկոյան լույսերը վառվուն են և կլոր ժամի աշտարակը փայլում է: Աշտարակի վրա կա նաև zip line: Ակտիվ ժամանցի սիրահարներին սա հաստատ դուր կգա: Էֆելն ունի երեք հարկ: Ներսում կան խանութներ, սննդի կետեր, բայց խորհուրդ չեմ տա այնտեղից գնումներ կատարել: Ֆրանսիայում ամեն ինչ թանկ է, իսկ աշտարակի վրա՝ ավելի:

Չեք պատկերացնի, թե որքան ոգևորությամբ եմ այցելել Լուվրի թանգարան:  Այն ինձ համար ամենակարևոր կետն էր Փարիզում: Հեշտությամբ կարելի է մոլորվել այնտեղ: Արվեստի յուրօրինակ գլուխգործոցները գլխապտույտ էին առաջացնում: Մեկ օրն էլ բավական չէ, որ ուսումնասիրեք թանգարանը: Գոնե մի քանի օր պետք է տրամադրել: Կարող եք շրջել գիդի հետ կամ վճարելով մուտքի մոտ՝  ձեռք բերել աուդիոգիդ: Ընտրությունը ձերն է: Այստեղ նույնպես կան խանութներ և սննդի կետեր: Հաստատ որևէ բանի պակաս չեք ունենա: Լուվրում կան բազմատեսակ հուշանվերներ, գրենական պիտույքներ, որոնք միայն այնտեղ կարող եք գտնել: Չնայած բարձր գնին, կարծում եմ արժե մի քանիսը ձեռք բերել:

Ոչ պակաս հետաքրքիր թանգարան է նաև Օղսեի թանգարանը: Այն հայտնի է Վան Գոգի ինքնադիմանկարով:  Բազմահարկ այս շենքն անտարբեր չի թողնի ոչ ոքի:  Բոլորն էլ այստեղ կգտնեն իրենց հետաքրքրող գործերը:

Կարծում եմ շատերի երազանքն է լինել Disney land-ում: Ցավոք, պետք է ասեմ, որ հաճույք չեք ստանա և ձեր պատկերացումները չեն արդարացվի: Պետք է մոտ մեկ ժամանոց հերթում կանգնել: Մտնելուց  հետո յուրաքանչյուր ատրակցիոնից մեկ անգամ օգտվելու համար առնվազն երկու ժամ պետք է նորից հերթ կանգնեք: Հավաստիացնում եմ, որ սա անիմաստ ժամավաճառություն է: Եթե ձեր այցը Փարիզ չեք պատկերացնում առանց ատրակցիոնների, ես ձեզ համար ավելի լավ առաջարկ ունեմ: Jardin d’Acclimatation այգին շատ լավ տարբերակ է ընկերներով կամ երեխաների հետ զբոսնելու համար:

Զբոսայգին կառուցվել է 1860-70-ական թվականներին։ 9 ամիս վերանորոգումից հետո, 2017 թվականի Սեպտեմբերի 4-ին այն նոր շունչ ստացավ։ Ավելացան 17 նոր ատրակցիոններ, իսկ հները վերանորգվեցին և հիմա այգում կա 40 ատրակցիոն։ Զբոսայգին տարիքային սահմանափակում չունի։ Ինչպես երեխաներն այնպես էլ մեծահասակները կարող են իրենց համար հետաքրքիր բաներ գտնել։ Կարող եք 3D ֆիլմեր դիտել կենդանիների մասին, էկստրեմալ ատրակցիոններ նստել կամ ուղղակի զբոսնել։ Այգու մի փոքր հատվածը ագարակ է։ Տարբեր կենդանիներ և թռչուններ կան։ Մի մասն էլ ասիական ոճով է՝ «Սեուլի այգի»։ Մի խոսքով՝ չեք ձանձրանա: 

Երեկոյան հիանալի ժամանցի վայր է «Անակո» նավը: Այնտեղ ամեն ուրբաթ տարբեր ազգերի երաժշտությանը նվիրված երեկույթներ են լինում: Ես այնտեղ էի հենց հայկականի ժամանակ: Բացի հայերից նաև կային այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր մեծ սիրով սովորում էին հայկական երգերն ու պարերը:

Իհարկե չեմ կարող չնշել, որ Փարիզն իսկապես կեղտոտ քաղաք է՝ հատկապես մետրոն:  Երկարաժամկետ կեցության համար այն այդքան էլ լավ տարբերակ չէ: Բայց և այնպես, սովորելու համար կարելի է գնալ Փարիզ: Այցելելով այնտեղի համալսարաններից մեկը՝ հասկացա, որ ուզում եմ վերադառնալ այդ մեծ կրթական միջավայր:

Փարիզում հավանականությունը մեծ է, որ ձեզնից գողություն կանեն: Եղեք հնարավորինս զգոն:  Ձեր ձեռքը մշտապես պահեք պայուսակի վրա, այլապես գրպանահատները հեշտությամբ կյուրացնեն դրա պարունակությունը:

Սա իհարկե ամենաքիչն էր, որ ես ներկայացրի Փարիզից:  Եթե որոշել եք գնալ Փարիզ, ապա նախօրոք որոնումներ արեք և գտեք ձեզ համար ամենահետաքրքիրը: Չմոռանաք գեղեցիկ լուսանկարների մասին: