Պատմում է Սոֆի Առաքելյանը

Հաշվի առնելով երկրում տեղի ունեցող արտակարգ իրավիճակը այս պահին՝ սկսել ենք նոր նախագիծ՝ «Վիրտուալ ճամփորդություն»: Քանի որ ես ծնունդով Կապանից եմ և գրեթե ամեն տարի իմ ամառային արձակուրդները անցկացնում եմ այնտեղ, ես Ձեզ հետ կկիսվեմ և կպատմեմ իմ հայրենի Կապանի մասին։

Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է: Այն գտնվում է Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտում՝ Ողջի գետի և նրա Վաչագան ու Կավարտ վտակների ափերին: Երևանից Կապան ընդհամենը 320կմ է, իսկ Իրանից՝ 80 կմ:

Ամեն անգամ Կապան գնալիս միշտ հետևում եմ ճանապարհին. ճանապարհը երկար է՝ Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք: Հասնելուն պես աջ կողմի վրա տեղադրված է կարմիր գույնի մի ցուցանակ, որտեղ մեծ տառերով գրված է «ԿԱՊԱՆ»: Դա տեսնելով հասկանում ես, որ մի քիչ էլ և դու արդեն Կապան քաղաքում ես։ Վերջին տարիներին Կապանը շատ է փոխվել և գեղեցկացել: Քաղաքի կենտրոնում, նախկին շատրվանին փոխարինել է նոր շատ գեղեցիկ երգող շատրվանը, որը դարձել է քաղաքի բնակիչների և հյուրերի զբոսանքի վայրը։ Իր ուրույն տեղով առանձնանում է նաև Գարեգին Նժդեհ հրապարակը։

Քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է 10-11 դարում կառուցված Վահանավանք եկեղեցական համալիրը։ Այն մի գեղեցիկ եկեղեցական կոթող է։ Տեղացիները և Կապան հյուր եկած զբոսաշրջիկները հաճույքով են լինում այդտեղ և հիանում ճարտարապետական այդ հիանալի կոթողով: Կան նաև այլ եկեղեցական համալիրներ ինչպիսիք են՝ Երիցավանքը, Բաղաբերդը, Տանձափարախը (Նապատ) և այլն։

Նախորդ տարի ամռանը Կապանում կազմակերվել էին տարբեր միջոցառումներ, համերգներ, փառատոններ, ճամբարներ։ Այդ տարի ամենամյա «Ուսանողական ամառ» ճամբարի շրջանակներում, ուսանողները այցելում էին Ջերմուկ, Արցախ, մասնակցում տարբեր ինտելեկտուալ խաղերի, կինոդիտումների և այլն։

Միջոցառումներից մեկը դա Կապանի օրն էր, որը նշեցինք օգոստոսի 17-ին, թեպետ սովորաբար այն տոնում ենք հոկտեմբերին: Կապանի օրը հնարավորություն ընձեռնեց բոլոր այն սովորողներին և ուսանողներին, որոնք գտնվում են այլ մարզերում կամ մեկ այլ քաղաքում, գալ և մասնակից լինել այդ օրվան։ Երբեք քաղաքիս այդքան ուրախ չէի տեսել: Կարելի է ասել «Ասեղ գցելու տեղ չկար»։ Օրը էլ ավելի հիշարժան և անմոռանալի դարձրեցին «Ռեինկարնացիան» և Կապան քաղաքում բոլորի կողմից սիրված «Նեմրան»։ Այս դրական և երաժշտական էմոցիաներից հետո միջոցառումը ավարվեց Կապանի հիմնով և ամենագեղեցիկ հրավառությամբ։ Երբ տեսնում ես, որ շուրջ բոլորդ նկարում են, դու ուղղակի նայում ես երկնքին և վայելում այդ գունեղ հրավառությանը։ Այդ պահին երբ տեսնում էի բոլորի երջանիկ հայացքները, էլ ավելի էի ոգեշնչվում և Կապանում մնալու ցանկությունս անսպառ էր։

Սիրում եմ Կապանս իր ամեն ինչով։