Պատմում է Ֆելիքս Եղիազարյանը

Համոզված եմ՝ հիմա շատերը կուզենային զբոսնել Միլանի նորաձև փողոցներով, զգալ գլադիատորների և կայսրերի ոգին Հռոմում, օրորվել Վենեցիայի ջրային տրասպորտում, զգալ Աստծո ներկայությունը Վատիկանում։ Սակայն հիմա, այս ամենը չեն կարող անել նույնիսկ տեղացիները։

Երբ ցույց են տալիս, թե ինչ վիճակում է գտնվում Իտալիան այս պահին, ես ուղղակի փակում եմ աչքերս և հիշում իմ՝ այնտեղ ունեցած պահերն ու ժամերը։
Ես այն մարդկանց ցուցակում եմ, ովքեր տեսել են Իտալիան համաճարակից առաջ, իր ողջ հմայքով և տրամադրությամբ։
Իմ տպավորություններով կփորձեմ տեղափոխել ձեզ Եվրոպական մշակույթի էպիկենտրոններից մեկի՝ Իտալիայի փողոցներ։


Ուսումնասիրելով երկրի պատմությունը՝ չի կարելի ասել, որ իր անցած ուղին հեշտ է եղել։ Իտալիան եղել է Եվրոպայի առաջին հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրություն, որը ճանաչել են բոլորը։ Պատմությունն իր ձեռագիրը թողել է երկրի ճարտարապետության վրա՝ հնավոճ քաղաքները, նեղ փողոցները և ահռելի ճոխություն ունեցող հսկա ամրոցները։ Ի դեպ, Իտալիայում քաղաքի և կայսրության հզորությունը չափել են քաղաքի աշտարակի բարձրությամբ, այդ պատճառով բոլոր, նույնիսկ փոքր, քաղաքներում կարող եք տեսնել աշտարակ։ Իտալական քաղաքներից յուրաքանչյուրն ունի պատմություն, մի թանգարան է՝ խենթության հասցնող ճարտարապետական լուծումներով:

Ես հիացած եմ Ֆլորենցիայով: Ֆլորենցիայում չես գտնի բարձրահարկ շենքեր, նորավոճ դիզայնով, այստեղ ամեն բան պահպանում են այնպես ինչպես եղել է, իսկ եթե նոր բան են կառուցում, ապա այն անպայման կրում է ինչ-որ հայտնի ֆլորենտացու անուն։ Այս քաղաք թանգարանը Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկն է, հիմնադրվել է մ․թ․ա 59 թ-ին Հուլիոս Կեսարի կողմից։ Քաղաքն աշխարհին տվել է այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդա դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելլին, Դանթեն և Գալիլեյը։ Այստեղ ամենուր ուղեկցում են երաժիշտները, ովքեր ավելի են ընդգծում Ֆլորենցիայի մշակութային դիմագծերը։ Ֆլորենցիայում կարելի է գնել գինի ու իհարկե անպայման փորձել պաղպաղակ։

Առնո գետը քաղաքը բաժանում է երկու մասի, հենց գետի վրա է գտնվում Պոնտե Վեկկիոն: Երբևէ տեսե՞լ եք կամուրջ, որի վրա բնակարաններ լինեն կառուցված, եթե ոչ, ապա Պոնտե Վեկկիոն հենց դրանով է հայտնի, ու նաև նրանով, որ այս կամրջի վրայով շատ պատերազմներ են անցել։

Քաղաքների հմայքից զատ, ինձ շատ հետաքրքիր ու հաճելի էր մարդկանց շփումը և վերաբերմունքը, որից ես ուղղակի հիացած եմ։ Մարդկանց մեջ չկա կոպտություն և չարություն։ Ցանկացած վայրում տեղացիների հետ շփվելիս միայն ժպիտ ու դրական լիցքեր էի ստանում՝ անկախ նրանից զբոսաշրջիկ ես, թե տեղացի։
Ու հիմա ամենացավալին հենց սա է, որ մարդիկ լինելով այդքան մարդամոտ, ջերմ շփվում են իրար հետ հեռվից։


Հուսով եմ այս վիճակը երկար չի տևի, և շատ մարդիկ կկարողանան ճամփորդել դեպի իրենց սիրած երկներ ու քաղաքներ: Իսկ ես Իտալիայում կլինեմ իմ մասնագիտության հետքերով…
Չեմ ուզում ընկճված տեսնել Իտալիան, իրեն դա չի սազում։