Պատմում է Եվա Սարգսյանը

Երևի թե 10 տարի արդեն անցել է, ինչ ես եղել եմ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում: Հիշում եմ, թե ինչքան տպավորված էի՝ Ադրիատիկ ծովը իր ամբողջ հմայքով, միջերկրածովային ճարտարապետությունը, ուրախ մարդիկ և իհարկե ամենակարևորներից՝ շատ համեղ խոհանոցը: Եթե դու չես եղել այնտեղ, առաջարկում եմ գնանք և միասին բացահայտենք՝ դու Բուդվան նորովի, իսկ ես համեմատություններով: Դե ի՞նչ, համաձա՞յն ես: Գնացինք:

Գիտես չէ՞, որ ես զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետ եմ: Հենց դրա համար այսօրվա զբոսավարը կլինեմ ես և կփորձեմ ամեն ինչ քեզ պատմել և ցույց տալ: Կլինենք պատմական վայրերում, կշրջենք հին և նոր փողոցներով և կթավալվենք Ադրիատիկ ծովի ափին՝ վայելելով միջերկրածովային տաք կլիման:

Քաղաքի պատմությունը շատ-շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի, քաղաքը հիմնադրել է Կադմոսը, ով սպանելով տիրակալ Վիշապ հրեշին, փախել է Հունաստանից։ Հաստատվելով հյուսիսում՝ նա բնակվել է այստեղ իր կնոջ՝ Հարմոնիի հետ։ Քաղաքը իրենից ներկայացնում է հունական և հռոմեական քաղաքակրթությունների ներդաշնակություն։ Դե պատկերացրու, այս 2 հետաքրքիր մշակույթները մեկ վայրում իրենցից ինչ կներկայացնեն: Բուդվան բաժանվում է Հին (պատմական կենտրոն) և Նոր (քաղաքի ժամանակակից մաս) քաղաքների: Այսօր կհասցնենք քայլել Հին քաղաքով, հավատա այստեղ շատ բացահայտելու բան կա: Որպեսզի չկորեք, կարող ենք կողմնորոշվել Բուդվայի գլխավոր փողոցով: Այն անցնում է ծովի կողքով, ամբողջ քաղաքի միջով: Տես, թե ինչքան փոքրիկ խանութներ կան՝ հուշանվերներով լի, մենք պետք է անպայման ինչ-որ բան գնենք այստեղից: Իսկ տեսնու՞մ ես, ամեն քայլափոխին կանգնած են հետաքրքիր հանդերձանքով մեմեր(մարդ-արձաններ), կանգնի քեզ նկարեմ իրենց հետ:
Շարունակենք մեր ճանապարհը: Հին քաղաքը շատ նման է մի մեծ ամրոցի: Չզարմանաս, որ տեսնես միջնադարյան քաղաքը իր բնօրինակ տեսքով՝ նեղ փողոցներ ու հրապարակներ, քարե աստիճաններ, որոնք տանում են դեպի նրբագեղ տներ՝ փոքր պատուհաններով, կարմիր տանիքներով:

Ամրոցի պարիսպներից մեկի վրա տեսնում ես երկու միահյուսված ձկների: Սա Բուդվայի մեկ այլ խորհրդանիշն է: Մի գեղեցիկ լեգենդ է կապված սրա հետ: Հնում քաղաքում մի քարտաշ էր ապրում: Նա կարող էր քանդակել այն ամենը, ինչ տեսնում էր քարից, և նրա ստեղծագործությունները կարծես կենդանի էին: Մի անգամ նա հանդիպեց գեղեցիկ Ելենային և սիրահարվեց նրան: Սակայն աղջկա ընտանիքը թույլ չտվեց նրանց ամուսնանալ: Այնուհետև սիրահարները եկան այս պատի մոտ և նետվեցին ծովը՝ վերածվելով ձկների:

Հաջորդ մեր կանգառը հնագիտական թանգարանն է: Այստեղ կտեսնես հունական, հռոմեական, բյուզանդական և սլավոնական մշակույթների առարկաներ, ոսկե մետաղադրամներ և զարդեր, ապակյա իրեր և կերամիկական ծաղկամաններ, նաև թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշը` ամբողջությամբ պահպանված իլլիրիական բրոնզե սաղավարտը, հնությամբ առաջին մետաղական արտադրանքներից մեկը:

Լսու՞մ ես ձայներ: Այո’, դու ճիշտ ես: Ադրիատիկ ծովն է մեզ կանչում, արդեն հասնում ենք: Արդեն լսում ենք ծովի ալիքների մեղմ ձայնը, ոտքերս խրվում է ավազի մեջ, արագ-արագ եկեք լողանք… ջրի սառնությունը շատ կազդուրիչ է:
Ներեցեք, բայց ես սուզվում եմ դեպի հեռուները, մինչ հանդիպում: