Պատմում է Ալլա Բարսեղյանը

«Աշխարհը նման է գրքի. ովքեր չեն ճամփորդում, կարդում են գրքի միայն առաջին էջը: Իսկ առաջին էջը ոչինչ է այդ հսկա աշխարհից: »Ցիտում եմ ճամփորդապատումներիցս մեկից:

Չեմ կարողանում առանձնացնել որևէ վայր ավելի մանրամասն նկարագրելու համար, որովհետև ամեն պատմության մեջ լիքը սեր ու կյանք ենք թողել: Նյութս Հայաստանի սահմաններից դուրս տանել նույնպես չեմ ուզում, քանի որ Հայաստանը ավելին է քան ուղղակի երկիր:
Հայաստանը երգ է, Հայաստանը սեր է, Հայաստանը արևների արևն է, Հայաստանը նկար է: Այս անգամ նկարներից Դիլիջանը կընտրեմ: Երևանից 99կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի դիմանկարը:

Չնայած նրան, որ Դիլիջան անվանումը, ըստ վարկածներից մեկի, ուրախ ավարտ չի ունենում, ամեն դեպքում կներկայացնեմ:
Մի օր մի տղամարդ իր որդու ՝ Դիլիի հետ գնում է քաղաք: Երբ նրանք անցնում էին անտառով, Դիլին կորել էր: Հայրը ժամերով թափառում էր անտառում ՝ փորձելով գտնել որդուն: Վերջիվերջո, հայրը բլրի վրա գտավ իր որդու դիակը: «Դիլի ջան (ջան — սիրելի), Դիլի ջան» տղամարդը դառնությամբ բացականչեց: Այդ ժամանակից ի վեր այս վայրի անունը մնում է Դիլիջան:
Ըստ մեկ այլ վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:

Դիլիջանը զարգացող զբոսաշրջային կապեր ունի այնպիսի հայտնի տուրիստական կենտրոնների հետ, ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Իտալիան, Անգլիան և Ֆրանսիան: 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանը ներառեց Ուսման քաղաքների գլոբալ ցանցում (GNLC):


Դիլիջանյան կոլորիտը կարողանում է ինձ հասցնել մեծ ջերմություն: Չգիտեմ ինչից է, բայց ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ վերադառնում այնտեղ: Թափանցիկ ու միևնույն ժամանակ ամենագունեղ վայրերից մեկը, որ երբևէ հանդիպել եմ Հայաստանում:

Չորս կողմից սարերը ու լեռները կարծես գրկաբաց սպասում են քեզ: Դիլիջանում արևը ժպտում է դեմքիդ ու շողում: Դիլիջանում երկինքը վերևից մեզ է նայում, քամին վարսերիդ հետ է խաղում: Դիլիջանում ծառերը բարություն են շնչում: Արի՜ գնանք Դիլի~ջան…