Պատմում է Ռազմիկ Հունանյանը

Ամեն տարի դասերն ավարտվելուն պես, միակ ցանկությունս Երևանյան շոգից փախչելն ու իմ զով Ջավախք գնալն է։ Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ, որը Ջավախք են անվանում: Մի փոքրիկ թագավորություն` գեղեցիկ բնությամբ, հյուրասեր ու հյուրընկալ բնակչությամբ, հետաքրքիր ու յուրօրինակ տեսարժան վայրերով: Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է, բնակեցված հայերով։ Հնարավոր է՝ շատ մարդկանց համար այն ուղղակի բնակավայր է, ուղղակի բնություն, բայց, երբ եղել ես այս չնաշխարհիկ վայրերում, երբ զգացել ես Ջավախքի լեռների վեհությունը, ամուր կանգնել ես հողին ու հպարտություն ես զգացել, որ Ջավախքցի ես՝ երբեք չես մոռանա այդ հիասքանչ վայրը։

Ինձ, իհարկե, միայն Ջավախքցին կհասկանա, քանի որ միայն նա կարող է զգալ Ջավախքցու հպարտությունն ու համարձակությունը: Ջավախքը մի միասնական ուժ է՝ կազմված հայրենասեր ու եռանդով լի երիտասարդությունից` տաքարյուն ու համարձակ տղերքից։ Ջավախքի ուժը հենց երիտասարդության մեջ է, որոնք ամերուրեք բարձր են պահում իրենց հայրենիքի` Ջավախքի պատիվը: Ջավախքը դա վայր է, որտեղ մեկ անգամ լինելուց հետո, ակամայից ցանկությունն է առաջանում կրկնելու: Ջավախքը դա վայր է, որտեղ մարդիկ քո դիմաց իրենց սիրտն են բացում:

Այն մի փոքրիկ աշխարհ է, ուր յուրաքանչյուր մարդ պետք է այցելի ու իր սեփական աչքերով տեսնի և զգա այդ հրաշալի վայրի առանձնահատկությունն ու գեղեցկությունը: Մի մեծ բավականություն ու հաճույք է ապրել այստեղ, շնչել հարազատ դարձած մաքուր օդը, խմել աղբյուրի պաղ ջուրը ու ապրել այս գեղեցկության գրկում, և երանի այն աչքերին, որ առավոտյան պատուհանից նայելիս կամ ծփացող Փարվանան է տեսնում, կամ էլ Աբուլի սիգապանծ գագաթը… Հայաստանն առանց Ջավախքի, ինչպես հրացանն առանց փամփուշտի։