Պատմում է Մարգարիտա Կարախանյանը

Մինչ դու կարդում ես այս պատումը, չես էլ կարող պատկերացնել՝ ինչքան եմ մտածել, թե ո՞ր երկրի մասին գրել .Վրաստա՞ն, որտեղ վստահ եմ՝ բոլորդ գոնե մի անգամ եղել եք, միգուցե Հունաստա՞ն, ուր ճամփորդել եմ 7 տարի առաջ։ Այստեղ կանգ առա։ Հետո հասկացա, որ չունեմ բավական հիշողություններ՝ Ձեզ հնարավորինս պատկերավոր ներկայացնելու համար, չունեմ լուսանկարներ,որոնք թույլ են տալիս այսօրվա գերհզոր սմարթֆոնների ֆոտոխցիկները(իրականում ունեմ, պարզապես ընտանեկան արխիվային ֆոտոալբոմի անհայտ էջերից մեկում է, որը փորփրելը ինձնից մեկ դար կպահանջի): Ավելի հետաքրքիր բան եմ մտածել. այսօր երկուսով դառնալու ենք էքստրիմի սիրահար հնէաբաններ, որոնք նույնիսկ չեն վախենում աշխարհի արգելված կղզիները բացահայտելուց: Ճամպրուկդ պատրա՞ստ է։ Գնացինք: Երկար ճանապարհ ենք գնալու մեր սեփական ինքնաթիռով:

Հասանք: Ինչ հրաշք բուսականություն: Ծառեր, թփեր, խոտեր. էլ ոչինչ չի երևում: Դու միանգամից հանեցիր հեռախոսդ ու հնագիտական ֆոտոխցիկդ։ Մի քանի լուսանկար արեցիր՝ ինձ էլ քաշելով ու ստիպելով, որ ինչ-որ հիմար դեմքի արտահայտություն ընդունեմ: Քայլում ենք: Զգու’յշ: Ես քեզ հազիվ մի կողմ քաշեցի այդ օձի խայթոցից: Եթե շարունակես այդպես անփութորեն քայլել ու տեսանյութեր նկարահանել,մենք դուրս չենք գա այստեղից:Շուտով իմ հայացքը գրավեց մի տեսարան՝սարսափելի։ Հազարավոր օձեր՝ իրար փաթաթված,կազմել էին մի պատնեշ: Մինչ դու նայում էիր նկարներիդ, ես չէի կարողանում խոսել ու ցույց տալ քեզ տեսածս: Վերջապես ուշքի եկա,բռնեցի ձեռքդ։Դու էլ տեսար.փախչելու փոխարեն նայում ենք։ Վերջապես մտավոր գործոնն աշխատեց ու այնպես վազեցինք, որ ինձ մի պահ թվաց՝հնէաբաններ չենք,այլ պրոֆեսիոնալ վազքի ատլետներ:Հազիվ փրկվեցինք.պետք էր մինչև վերջ լսել ինքաթիռի մարդկանց…

Օձերի կղզին: Լուսանկարը՝ քեզանից

Գնում ենք Վենեցիա։Լսել ենք անհայտ անունով մի կղզու մասին:Ասում են՝ տասնյակ տարիներ առաջ համաճարակից փրկված մարդիկ այստեղ են բնակություն հաստատել: Նույն կղզում կառուցվել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված հիվանդանոց, որոնք անդադար բողոքում էին գլխացավից, պնդում էին հոգիների առկայության մասին: Բժիշկը չէր հավատում ու շարունակում էր իր սահմռկեցուցիչ փորձերը հիվանդների վրա:

Հասել ենք: Առաջին հայացքից ամեն ինչ լավ է. ամեն դեպքում այդպես էր թվում: Դռներն այնքան հին են,որ երբ դու որոշեցիր բացել դրանցից մեկը,այն պարզապես փշրվեց: Դու հատուկ ֆայլի մեջ ձեռնոցներով դրեցիր մի քանի հաբեր, որոնք գտար հատակից,անհասկանալի մասունքներ ու մի ոսկոր: Տարիների ընթացքում այն չէր քայքայվել: Կզննենք հետո մեր լաբորատորիայում:

Վենեցիայի կղզին: Կրկին քո լուսանկարն է

Համաձայն քո առաջարկի՝գնում ենք Բուվե: Դու ինձ պատմում ես,որ Բուվեն աշխարհի ամենաչլսված երկրամասն է,որտեղ երբեք մարդ չի եղել: Մենք կկոտրենք վերջին կանոնը:Հասել ենք.տեսնում ենք նավակ։Նավա՞կ. ինչ է անում նավակը անմարդաբնակ վայրում, ո՞վ է բերել,որտեղի՞ց: Նավակի վրա չկար ոչ մի կասկածելի նմուշ: Այդ դեպքում…Մեն դեռ կպարզենք։

Բուվե

Իտալիա՞:Ի՞նչ կասես։Գայոլա կղզին անտարբեր չի թողնում ոչ մի զբոսաշրջիկի: Տեղացիները սարսափում ու երբեք չեն էլ այցելում այս կղզին: Ինչու՞։ Ասում են, որ այս վիլլայի սեփականատերերը հաջորդաբար մահանում են: Առաջին սեփականատեր Հանս Բրաունը մահացավ անհասկանալի պատճառից, հետո կինը խեղդվեց: Հաջորդ սեփականատերը ինքնասպան եղավ, մյուսը մահացու հիվանդություն ձեռք բերեց ու այսպես շարունակ:Լսելով այս ամենը՝ մի մարդ գնեց վիլլան ,բայց որոշեց երբեք ոտք չդնել: Սակայն անեծքը հեռու չմնաց. զարմիկն ու որդին մահացան: Այդ օրվանից կղզին վաճառվեց պետությանը: Ես ու դու էլ հիացանք արևավառ Իտալիայով, կղզու քանդակներով ու նկարներով:

Անիծված կղզին քո տեսախցիկից։

Մեր վերջնականգառը կլինի Եմենը:Այստեղ արդեն կհանգստանանք։ Կազատվենք անցած ճամփորդությունների միստիկայից ու կվերադառնանք Հայաստան:

Հասանք: Այստեղից գնալը դժվար կլինի: Սպիտակ ու տաք ավազից ոտքերդ այրվում են,ու դու շատ ծիծաղելի շարժումներ ես անում: Ջուրը շատ տաք է,հաճելի: Լողում ենք անծայր ջրերում,վայելում էկզոտիկ մրգերը:Կոկոսի ծառից կախված ճոճանակը ժամերով զբաղեցնում ենք՝ոտքերով հպվելով ջրի մակերեսին: Նայում ենք մեր նկարներն ու փառք տալիս,որ դեռ ողջ ենք: Բայց արդեն ժամանակն է գնալու…

Արդեն Հայաստանում ենք: Այստեղ չկան անիծված կղզիներ, օձերով պատնեշներ…Ժամանակն է աշխատելու: Հիմա պետք է կազմեինք հնագիտական հետաքննություն մեր հավաքած նմուշներից ու նկարներից,որոնք դու ցավոք մոռացել ես Եմենի ծովափնյա տնակներից մեկում…