Պատմում է Գոհար Սմբատյանը

Պառկած լսում եմ օվկիանոսի ալիքների հեքիաթային ձայնը, գլուխս բարձրացնելուն պես՝ տեսնում եմ ինձ վառ շողացող արևը…

Հետո արթնանում եմ ու հասկանում, որ ես արդեն տանն եմ՝ Հայաստանում, ինքնաթիռս շատ վաղուց է վայրէջք կատարել ու օվկիանոսն արդեն հիշողություն է: Բայց քանի որ սկիզբը խոստումնալից էր, չեմ ուզում ձեզ հուսախաբ անել:

Այս ամառ Հայաստանից միլիարդավոր կիլոմետր հեռավորության  վրա եմ անցկացրել արձակուրդներս. Walk of Fame, Madame Tussaud’s museum, Downtown, Santa Monica, Six Flags և այսպես կարող եմ անվերջ թվարկել, սակայն կարծում եմ, արդեն կռահում եք, թե խոսքը որ երկրի մասին է: Այո՛, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երազանքների, հնարավորությունների երկիր Ամերիկան: Կա մի կարծրատիպ, որ փողն այնտեղ ծառերի վրա է աճում, հավատացե՛ք, ինձ չի հանդիպել:

Ամերիկան տալիս է միայն հնարավորություն, իսկ մնացածը թողնում է քո հայեցողությանը: 

Լինել Ամերիկայում և չփորձել ամերիկյան fast food, պարզապես հանցագործություն է:  

Հիմա երևի կասեք, որ անառողջ սնունդ է, չպետք է չարաշահել, սակայն ցանկացած վնասակար բան ամենացանկալին է:  

Փողոցները….. Լայն ավտոմայրուղիներ, բարձրահասակ արմավենիները, հեծանվաուղիներ, վազքուղիներ:

Գրավիչ է չէ՞: Կարծում ես, մեքենայի պատուհանից մարդկանց կտեսնես չէ՞ զբոսնելիս, չէ՛, չես տեսնի: Բոլորը տեղաշարժվում են մեքենաներով, ինչի պատճառով էլ առաջանում են խելագարությանը հասցնող խցանումները: Սակայն ես ոչ մեկին չեմ մեղադրում: Ապրել այնպիսի մեգապոլիսում, ինչպիսին Լոս Անջելոսն է, այլ կերպ չի էլ կարող լինել: Երբ պլանավորում ես որևէ տեղ գնալ պետք է հաշվի առնես, որ ամենաքիչը 2 ժամ ծախսելու ես ճանապարհի վրա: 

Ճիշտ է, Լոս Անջելոսը այնքան էլ անվտանգ չէ, որքան Երևանը, բայց պետք է այդ մասին մոռանաս ու վայելես գիշերով: Լույսեր, կիսադատարկ փողոցներ: Երեկոն ավելի կատարյալ դարձնելու համար կարող ես մի փոքր մոտենալ նաև օվկիանոսին: Մթության մեջ լսել ալիքների բախումները՝ աննկարագրելի հաճույք է:

 Լոս Անջելեսում թանգարանները մի ուրիշ աշխարհ են: Ուզում եմ նշել Getty Center թանգարանային համալիրը: Փոլ Գեթի թանգարանը, որը այժմ տեղակայված է Գեթթի Կենտրոնի շենքում: Այն համարվում է Կալիֆորնիայի ամենամեծ գեղարվեստական թանգարանը: Թանգարանը հիմնադրել է նավթատեր Փոլ Գեթթին, որը իր ժամանակին համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը: Նրա կտակած բազմամիլիարդ կարողությունը թանգարանը դարձրել է ամենահարուստը՝ հնագույն և վերածննդի ժամանակաշրջանի ցուցանմուշների ծավալով։

Ամերիկան խոշորագույն  պետություններից է, այնքան շատ վայրեր կան, որտեղ չեմ էլ հասցրել լինել, բայց դա էլ մյուս անգամ:

Հուսով եմ կարողացա ձեզ մի քանի րոպեով կտրել ու տանել իմ հիշողությունների հետքերով: