Պատմում է Ալինա Ալավերդյանը

Բարև: Երևի դու էլ ես հիմա նստած տանը ու դժգոհում, որ չես կարող անգամ հանգիստ դուրս գալ տանից, էլ չասեմ նաև երկրից: Դժվար է մեզ նման ազատություն ու նոր արկածներ սիրողին նստել 4 պատի մեջ, չզբոսնել, չճամփորդել, չհանդիպել ընկերներին: Բայց մի տխրի, լա՞վ: Կուզե՞ս, արի միասին «վիրտուալ» ճամփորդենք:

-Այդ ինչպե՞ս:

-Հիմա կպատմեմ, մի փոքր էլ կփորձեմ իմ աչքերով կամ թե հոգուս բառերով ներկայացնել ինչ-որ վայրի մասին, ապա կարող ես նայել նկարները: Ընթացքում կարող ես փակել աչքերդ ու պատկերացնել: Պետք է օգնես: Ուղղակի զարգացրու երևակայությունդ ու մեզ մոտ հաստատ ամեն ինչ կստացվի:
Արի տեսնենք ուր են տանում մեզ ճանապարհները: Հիմա պատկերացրու մեր Հայաստանի՝ տեղ-տեղ քարքարոտ, տեղ-տեղ հարթ ճանապարհները: Բավականին հեռվացել ենք տանից: Չէ, մի մտածի, սահմանից չենք անցնի, փակ է, չեն թողի: Ուզում եմ խոսել մեր իսկ երկրի, ըստ իս ամենագեղեցիկ վայրերից մեկի մասին: Նայի շուրջդ: Մեքենան ընթանում է արագ, թե դանդաղ, նայած ինչպես ես սիրում: Այսօր ամեն ինչ լինելու է այնպես, ինչպե դու ուզես:

Նայի պատուհանից, կարող ես միացնել երգը ականջակալներով: Ես չեմ պատկերացնում թեկուզ 2 մետր ճանապարհ առանց դրանց: Նման ե՞նք:) Նայի, նայի: Ի՜նչ գեղեցիկ է չէ՞ բնությունը: Հատկապես հիմա, գարնանը, երբ ծառերի բողբոջները նոր շուք են հաղորդել նրանց: Անցանք Արարատի մարզը, նկատեցիր, որ Վայոց Ձորի մարզն էլ ենք անցնում: Չկռահեցի՞ր, չէ, Ջերմուկ չէ, մի ուրիշ անգամ կգնանք:), քիչ է մնում, նայիր՝ ահա սա էլ մեր Սյունիքի մարզը: Կռահում ե՞ս, ուր ենք գնում:


Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում` Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին էլ մեր միջնադարյան վանական համալիրն է` Տաթևի վանքը: Կառուցել են 9րդ դարում, իսկ 2008թվականին ստեղծվել է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը: Նպատակն է Տաթևի վանական համալիրի վերականգնումը: Ամեն ինչ արվում է քո համար, մեզ համար, և ինչու չէ նաև Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Միշտ հետաքրքիր են եղել հին կառույցները, բայց, երբ կողքդ բաց ու անծայրածիր լեռներն են, ուշադրությունդ ակամա շեղվում է:Սարերը «կանչում են»: Կանգնել ծայրին ու քեզ ազատ զգալ: Մենք ազատ ենք ու երջանիկ:


Բայց…
Անկեղծ ասած այդքան հիացած չեմ հենց վանքով, ինչքան մինչ այն հասնելու ճանապարհով: Ճոպանուղին կապում է Հալիձորը և Տաթևի վանքը: Ի դեպ գիտեի՞ր, որ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ու դու հիմա գտնվում եմ այդ ճոպանուղու «խցի» մեջ: Հա ի՞նչ անենք, որ երևակայությամբ: Երբևէ զգացել ե՞ս թե 12 րոպեն ինչպես է 5 րոպեում լրանում:

Կզգաս: «Խցում» պատմում են վանքի մասին: Հա, լավ, չէ, չեն պատմում: Լռության մեջ վայելի բնությունը: Հետաքրքրելու դեպքում համացանցում կկարդաս: Նայում ու չես «կշտանում» անբացատրելի գեղեցիկ բնությունից, Սատանի կամուրջը հաստատ չես կարող չնկատել կամ «Տաթևի Մեծ Անապատը»: Միայն հիանալ կարելի է: Վերևից, ճոպանուղով գնալիս, դու քեզ զգում ես էդ ամենի տերը, ու կարծես քեզ վրա պարտք դրված լինի հետևել ու մաքուր պահել էդ ամենը, որովհետև էնքան գեղեցիկա, որ ափսոս կլինի ուղղակի էդ ամենը կորցնել: Պետք է բոլորը գիտակցեն ու հասկանան, որ իրենցից է կախված էդ բնության հետագա կյանքը:


Սատանի կամուրջը այդքան էլ հեռու չէ: Դա էլ մի ուրիշ արվեստի տեսակ է: Ջուր, ջուր ու էլի ջուր: Ջգտում կարծես դարձաձ լինի: Եթե փորձություններ ես փնտրում, հաստատ հայտնվել ես ճիշտ վայրում: Մի խոսքով խոսքերը անզոր են: Կտեսնես նկարներում:


Ես հասկացա, որ չկարողացա ամբողջովին նկարագրել էն ինչ տեսել ու զգացել եմ: Դրա համար, եթե չեք եղել այնտեղ, հաստատ արժի գնալ: Փոքրուց շատ էի լսում «Տաթևի վանքի» և ճոպանուղու մասին: Էնքան ոգևորությամբ են միշտ պատմել, որ ցանկությունս մեծ էր տեսնելու: Ու լավ է, որ հաջողվեց: Այսօր ես կրկին հասա դեպի ճոպանուղի, թեկուզ միայն վիրտուալ կամ ամենը վերհիշելով: Շնորհակալ եմ ընկերակցելու համար: Հուսով եմ տպավորված ես ու ինձ պես գոնե մի փոքր ոգևորված: