Պատմում է Դիանա Հովհաննիսյանը

 

Այս օրերին, երբ բոլորս տանն ենք ու ամեն կերպ փորձում ենք զբաղմունք փնտրել ու չձանձրանալ, առաջարկում եմ միասին վիրտուալ ճամփորդել դեպի հյուսիս արևելյան մարզ։

Տավուշն աշխարհի ամենագեղեցիկ, չքնաղ ու տարբերվող տեղանքներից մեկն է: Ուղիղ համեմատական է օրինակ Շվեյցարիայի բնության հետ։ Տավուշի մարզկենտրոնն Իջևանն է, որն իր ջերմ գիրկն է առնում յուրաքանչյուրին։

 

Տավուշը գնտվում է երկրի հյուսիսում, և պետք է ճանապարհվենք Գեղարքունիքի մարզով։ Դեռ չենք էլ հասցնում կշտանալ կապուտաչյա Սևանի գեղցկությամբ, երբ արդեն մտնում ենք Տավուշ տանող թունելը։ Դուրս գալուն պես աչքերդ ծակում է շողացող արևն ու շլացուցիչ բնությունը. կարծես մի նոր աշխարհ մտնես։

Քանի որ գրեթե բոլորին հայտնի է միայն Դիլիջանը, ես կփորձեմ Ձեզ համար բացահայտել մնացյալ քաղաքներից երկուսը ու իմ հարազատ Չինարի գյուղը։

Ներկայիս Իջևանի տարածքում այն ժամանակ եղել են բազում իջևանատներ, որոնք սպասարկել են հիմնականում առևտրականներին, մեծահարուստներին։ Հնում քաղաքը կոչվել է Քարվանսարա (1780-ական թթ.), և միայն խորհրդային տարիներին այն վերանվանվել ու դարձել է Իջևան։ Իջևանում զբոսաշրջիկներին հետաքրքրող վայրեր շատ կան. օրինակ՝ Մակարավանքը, որը կառուցվել է 10-13-րդ դարերում, Ենոքավանը, որտեղ կա էքստրիմ պարկ, Դենդրոպարկը՝ Իջևանի բուսաբանական այգին։ Իջևանում ամեն տարի կազմակերպվում են տարբեր մրցույթներ, փառատոններ, ձիարշավներ և այլն։ Մի խոսքով՝ Իջևանն իդեալական վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար։

Երևի թե շատերդ եք լսել պատմական Շամշադինի շրջանի (ներկայումս Բերդ քաղաք) մասին։ Եթե լսել եք, բայց պատկերացում չունեք քաղաքի մասին, առաջարկում եմ հարմար տեղավորվել, որովհետև ճամփորդությունը դեռ երկար, բայց շա՜տ հետաքրքիր կընթանա։

Քաղաքը կոչվել է Բերդ՝ այնտեղ գտնվող ամրոցի անունից, որը Ցլիկ Ամրամի նստավայրն է եղել (Մուրացան «Գևորգ Մարզպետունի»)։ Իսկ Շամշադին անվանել են պարսիկները, որը թարգմանաբար նշանակում է «արևի երկիր»։ Եվ իրոք որ՝ արևի երկիր է Շամշադինը։ Կլիման այնքան բարենպաստ է, որ բնակչությունն արդեն սկսել է արևադարձային մրգեր աճեցնել (կիվի, բանան)։ Բերդում կա հայտնի «Սորան» կոչվող վայր, որտեղից երևում է ամբողջ քաղաքը։ Եվ Սորանում ամեն տարի հատապտուղների, մեղրի փառատոն է լինում։ Թեև Բերդ քաղաքը փոքր է, և առանձնապես ժամանցի վայրեր չկան, սակայն քաղաքի մթնոլորտը բավարար է՝ քաղաքը վայրկենական սիրելու համար։

Եվ իհարկե, ինչպես նշեցի, պետք է ուղևորվենք դեպի իմ հարազատ գյուղ, դեպի Չինարի։ Գյուղի անունը գալիս է գյուղում գտնվող հաստաբուն «Չինարի» ծառի անվանումից, որն արդեն 124 տարեկան է։ Գյուղը սահմանամերձ է։ Եղել են տարիներ, երբ գյուղ գնալը ռիսկային էր, բայց այն անսահման սերը, որն ունեմ գյուղիս հանդեպ, ստիպում էր ամեն տարի գնալ։ Հիշում եմ՝ 13-14 տարեկան էի, հերթական անգամ, ամռանը գնացել էի գյուղ։ Այդ տարի շատ էին կրակոցները։ Մի օր, գիշերը ժամը 1:00-ի սահմանում սկսեցին շատ ուժեղ կրակոցներ հենց գյուղի ուղղությամբ։ Մեծ տատիկս, որ իր ողջ կյանքում ապրել է Չինարիում, կրակոցների տակ, ում համար արդեն սովորական էին դարձել կրակոցները, այդ օրն առաջին անգամ նկատեցի վախ նրա աչքերում։ Եվ այդ օրվանից ինձ համար նպատակ դարձավ մեծ տարիքում աշխատել մեր և հարևան երկրի հարաբերությունները հարթելու ուղղությամբ։ Գյուղում կա վանք՝ Խորանաշատը, որը, ցավոք սրտի,մինչ օրս չեմ գնացել,որովհետև շատ վտանգավոր է։ Եվ քանի որ բնակչությունը շատ հավատքով ու իսկական հայի ոգով է, մի քանի տարի առաջ, համեմատաբար ապահով վայրում կառուցվեց մի խաչ, որտեղ կարելի է մոմ վառել ու աղոթել։ Գյուղում կա հուշարձան, որտեղ տնկված է 84 սոճի՝ ի հիշատակ հայրենական պատերազմին զոհված Չինարիի գյուղացիների։ 2019թ.-ի ամռանը Չինարին ինձ համար դարձավ մի նոր բացահայտում։

Պարզվում է՝ գյուղում կան շատ հետաքրքիր ու առասպելական վայրեր։ Գյուղի սարերից մեկում մի քանի տարի առաջ դամբարան է գտնվել։ Ասում են՝ մեր գյուղացի մի դպրոցական տղա երազ է տեսել, որ պետք է բարձրանա իրենց տան մոտի սարը և փոս փորի։ Տղան ամեն առավոտ ծնողներին ասել է, որ գնում է դպրոց, բայց իրականում բարձրացել է սարն ու փոս փորել։ Եվ երբ բացահայտվել է տղայի սուտը, ծնողներն ու գյուղից մի քանի հոգի բարձրացել են այդ սարը, որտեղից էլ գտնվել է դամբարանի քարը։ Այժմ այդ քարը գտնվում է Չինարիի Մշակույթի տան ետնամասում։

Մեկ այլ հետաքրքիր փաստ Չինարիից։ Ասում են, որ գյուղին շատ մոտ գտնվել է մեկ այլ գյուղ, որը, ըստ ամենայնի, երկրաշարժի հետևանքով հայտնվել է հողի տակ։ Ցավոք սրտի այն հնարավոր չէ ուսումնասիրել, որովհետև վտանգավոր վայրում է գտնվում։ Հուսով եմ՝ մի օր հնարավոր կլինի պեղումներ կատարել։ Գուցե շատ հետաքրքիր ապացույցներ գտնվեն…

Չնայած նրան, որ բավականին երկար ստացվեց նյութը, մեծ սիրով ավելի շատ կգրեի, որովհետև այնքան ասելու բան կա, այնքան ցույց տալու վայրեր կան։ Եթե միայն Չինարիում այդքան չբացահայտված փաստեր կան, որոնց մասին անգամ ես չգիտեի, չեմ էլ կարող պատկերացնել ուրիշ քաղաքների ու գյուղերի առասպելների ու անհայտ վայրերի մասին, որոնք վստահաբար կարող եմ ասել, որ կան։ Հուսով եմ՝ կարողացա այս նյութով հետաքրքրություն արթնացնել յուրաքանչյուրիդ մեջ։ Ի դեպ, ամառվա հանգիստն իդեալական կլինի Տավուշի մարզում, այնպես որ առաջարկում եմ արդեն մտածեք, թե նշված վայրերից որտեղ եք գնալու առաջինը )։