Պատմում է Վիկտորյա Սուքիասյանը

 

Առցանց ուսուցման շրջանը, երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը մեզ ճամփորդելու հնարավորությունից էլ են զրկել: «Վիրտուալ ճամփորդություն» նախագիծը լավ հնարավորություն է ճամփորդելու մեր անցյալում ու ձեզ էլ տեղափոխելու շատ հետաքրքիր վայրեր: Ես ձեզ կտանեմ Իսպանիա՝ Բարսելոնա քաղաք:

Ամեն լեզվով պատմել եմ տպավորություններիս ու զգացողություններիս մասին, ամեն անգամ նույն քաղաքն ընտրելով էլ ավելի եմ համուզվում, որ այնտեղ ապրելուս երազանքը ավելի ռեալ է դառնում: Դեպի Իսպանիա ճամփորդել եմ երկու անգամ ու դեռ լիարժեք չեմ հագեցել իրենց աշխուժ ու միառժամանակ հանգիստ միջավայրով: Մարդիկ բարեհամբույր բարի ու սիրալիր, այնքան վառ են ու հետաքրքիր, որ ուզում ես բոլորին բարևել ու գրկել:

Իսպանական քաղաք Բարսելոնան ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Բարսելոնան էներգետիկ Դալին է, Գաուդիի ֆանտաստիկ ճարտարապետությունը, հեծանվավազքի երթևեկության ակտիվ շարժումները, ապշեցուցիչ երեկույթները և անվերջանալի սանգրիա, էլ չեմ ասում քաղցր չուրրոսի ու անփոխարինելի պաելյայի մասին:

Ճամփորդությունս էքստրիմալ էր, քանի որ հենց երկրորդ օրը մետրոյում գողացան ընկերուհուս հեռախոսը: Ուզում եմ ասել՝ չնայած վառ ու տրամադրող քաղաքին, վտանգն ու գողությունները չես շրջանցի: Այս դեպքը օգնեց դառնալ ավելի պատասխանատու և ուշադիր:

Կան վայրեր, որ Բարսելոնայում լինել ու չայցելել ուղակի հանցագործություն կլինի: Պատմեմ ինձ ամենից շատ գրաված վայրերի մասին։

 

 

Սագրադա Ֆամիլիա – Մի քիչ պատմեմ այս ֆանտաստիկ կառույցից, որն ամեն անցորդին իր գիրկն է առնում: Շինարարությունը սկսվել է 1882 թվականին և շարունակվում է մինչև այսօր։ Շուրջ 136 տարի տաճարը կառուցվում է, սակայն նրա կեսն անգամ դեռևս ավարտված չէ։ Քառասուներեք տարի շարունակ Գաուդին չունեցավ ո՛չ անձնական կյանք, ո՛չ որևէ այլ հետաքրքրություն։ Զարմանալի ճարտարապետը նույնիսկ տուն չէր գնում, ապրում էր կիսավարտ կառույցի խցերից մեկում և խելահեղ նվիրումով իրականացնում իր երազանքը։ Պատահում էր, որ քանդել էր տալիս արդեն կանգուն մի հատված՝ չնչին փոփոխություններ կատարելու նպատակով։ Գաուդիի կյանքի իմաստը տաճարն էր:Տաճարը լիովին կանգուն տեսնելու բախտը չի վիճակվել դեռ ոչ մեկին։ Հավանաբար ևս երկու-երեք սերնդի աշխատանք և ֆինանսական հսկայական միջոցներ են հարկավոր տաճարը տեսնելու համար այն տեսքով, ինչպիսին պիտի դառնա ըստ Գաուդիի նախագծի։

 

 

Գուել զբոսայգի ( Park Güell ) – նախ նշեմ, որ առաջին անգամ, երբ եղա այգում, այն վերանորոգման գործընթացում էր և ես ունեի սահմանափակ ժամանակ շրջելու և ուսումնասիրելու հսկայական գունավոր այգին: 1901 թվականից սկսվեցին այս տարածքում պուրակի ստեղծման աշխատանքները: Հայտնի նստարանի կառուցման նյութ են հանդիսացել ապակու կտորները, կոտրված ափսեները, դեկորատիվ սալիկների բեկորները, մի խոսոքով թափոններից, որոնք սովորական մարդիկ դեն են նետում: Այս տարօրինակ գաղափարի հեղինակը՝ իհարկե Գաուդին էր, նա ստեղծեց իսկական արվեստի գործ աղբից: Նստարանից ոչ պակաս տպավորիչ են հարևանությամբ գտնվող գունավոր, վառվռուն տները, որոնք անհնար է նկարագրել բառերով: Մի խոսքով իմ ամենա սիրելի այգիներից մեկը Բարսելոնայում:

Կան շատ ու շատ վայրեր որոնց մասին կարող եմ հավերժ խոսել ու նկարագրել, բայց կարծում եմ դուք ինքներդ պիտի տեսնեք ու համոզվեք:

Մի խոսքով, Բարսելոնան անսպառ էներգիայի և ջերմության քաղաք է…