Պատմում Է Նանե Խալաթյանը

 

Նախորդ ամառն ինձ մոտ չափից ավելի հագեցած էր։ Տանը գրեթե երկու շաբաթ եմ եղել, մնացած ամբողջ ժամանակվա ընթացքում ճամփորդում էի։ Ճամփորդելը զգացմունքների տեղատարափ է, ամենալավ ձևն է առօրյայից կտրվելու համար։

Այդ ամառ ինձ դաշնամուրը հասցրել էր Իտալիա։ Իտալիա էի մեկնել վարպետաց դասերի և համերգների համար։ Իմ այդ ժամանակահատվածի զգացմունքները ուղղակի աննկարագրելի են, ես չեմ կարող ճիշտ բառեր գտնել, այդ հրաշալի զգացմունքներն արտահայտելու համար։ Իտալիան  մի նոր շունչ հաղորդեց ինձ, և ոգեշնչեց անել ավելին, քան երբևէ կպատկերացնեի։ Այնքան հագեցած, ուրախ և արդյունավետ ժամանակ եմ անցկացրել այնտեղ, որ կյանքում չեմ կարող փոխարինել որևէ այլ բանով։ Իտալիան ուղղակի երազանքների երկիր է, ճիշտ է շատ շոգ էր, բայց հիացմունքն այնքան շատ էր, որ ոչինչ չէր կարող խանգարել վայելելուն։

 

 

Մենք բնակվել էինք մի փոքրիկ քաղաքում, Բրեշիա անունով։ Այդ քաղաքը, իմ երազանքների քաղաքին շատ մոտ էր։ Ամեն ինչը փոքր, կոկիկ։ Մարդիկ ժպտերես և բարեհամբույր։ Ինձ այդ քաղաքի մթնոլորտը շատ դուր եկավ, և սրտիս մոտ էր։

Այն ակադեմիան, որտեղ անցկացվում էին վարպետաց դասերը, ուղղակի երաժշտի իդեալն էր։ Իսկապես ոգեշնչվելու և ավելիին ձգտելու տեսարան, միջավայր։ Երբ ներս եք մտնում, մի փոքրիկ պարտեզ է բացվում աչքերի առաջ, և չորս կողմից պարապելու սենյակներն էին։ Արդեն հեռվից լսվում էր նվագի ձայնը։ Եվ այդ ամենը լինում էր առավոտյան ժամը 7-ից։ Ա՜խ այդ հիանալի առավոտները, որ սկսում էի փոքրիկ զբոսանքով և շարունակում սիրածս գործն անելով։

 

 

Տեսանք նաև Վենետիկը, Վերոնան, Միլանը, որոնք նույնպես շատ տպավորիչ էին, սակայն Բրեշիան ինձ շատ հարազատ էր։ Վենետիկը շա՜տ հետաքրքիր էր սկզբում, քանի որ ինչպես գիտեք, շատ է տարբերվում սովորական, եվրոպական քաղաքներից, բայց ինձ համար 1 ժամից արդեն ամեն ինչ ծանոթ էր թվում։

Վերոնան ունի հրաշալի տեսարաններ, ուղղակի չքնաղ տեսարաններ։ Այցելեցինք մի այգի, որի մասին շատ քչերը գիտեին, այդ պատճառով շատ խաղաղ էր։ Այգին հսկայական տարածք էր, որը պատկանում էր Ջիուստիների ընտանիքին, ովքեր բազմաթիվ այլ այգիներ ունեին։

 

 

Միլանը հանրահայտ առևտրի կենտրոն է, և ճիշտն ասած այդքան էլ հիացած չէի։ Բայց ուներ նաև արվեստի հանրահայտ ստեղծագործություններ, որոնցից մեկը Դուոմոյի տաճարն է։