Պատմում է Մարիամ Մայիլյանը 

 

 

Կրթահամալիրում սովորելը նշանակում է անթիվ ու անսպառ ճամփորդել ու շրջագայել, թե՛ ՀՀ-ի սահմաններում, թե՛ ՀՀ-ի սահմաններից դուրս: Աշխարհում տիրող իրավիճակից ելնելով՝ չենք կարող ճամփորդել և ստիպված ենք մեր իսկ առողջության համար մնալ տանը: Ազատ ժամանակը առաջարկում եմ օգտագործել նպատակահարմար և արդյունավետ: Եկե՛ք ճամփորդենք վիրտուալ՝ ինտերնետի միջոցով:
Կարծում եմ, բոլորս էլ եղել ենք մեր հարևան Վրաստանում, բայց քչերն են տեղյակ այնտեղի ոչ շատ հայտնի, փոքրիկ, բայց միևնույն ժամանակ չափազանց գեղեցիկ քաղաքների մասին, ինչպիսիք են Կախեթիի շրջանում գտնվող՝ Լագոդեխին, Թելավին և Սիղնաղին:
Մի քանի անգամ կրթահամալիրի հետ ճամփորդել եմ դեպի Վրաստան, և չնայած ճանապարհի երկար լինելուն, ամեն անգամ հաճույք է պատճառում պատուհանի մյուս կողմում գտնվող տեսարանը: Երևանից Վրաստանի սահման ճանապարհը ամենահաճելին է: Դեռ Հայաստանից մեզ ուղեկցելու են գույները: Ամեն հայացքի առաջ բացվող բնության պատկերն իր գույնն ունի: Կապույտ Սևանը, Դիլիջանը՝ դեղնակարմիր, մառախուղներն սպիտակ, իսկ քամիները… Քամիները պարզապես պաղ ու անտարբեր են: Արդեն Վրաստանի սահմանից պետք է գնալ Թբիլիսի, որտեղից էլ դեռ երկու ժամ ճանապարհ ենք գնալու Կախեթիի շրջան հասնելու համար:

 

Սկսեցինք:

 

Կախեթիի կենտրոն է համարվում Թելավին: Հենց Թելավի օդանավակայանի տարածքում են տեղի ունեցել խորհրդային հայտնի «Միմինո» ֆիլմի նկարահանումները:

Քաղաքի կենտրոնը՝ Էրեկլե Երկրորդի պալատ:

 

 

50-ականների շենքն ու ավանդական վրացական տներն՝ ապակեպատ պատշգամբներով ներդաշնակ կերպով համագոյակցում են Թելավիի ամենասրտում: Թելավում կյանքը եռում է: Քաղաքը համարվում է պճնված կանանց քաղաք, ինչի հետ լիովին համաձայն եմ: Կենտրոնում քայլելիս կհանդիպեք կանանց հետաքրքիր, գունավոր կերպարների, ովքեր էլ ավելի են շունչ տալիս քաղաքին:

Հաջորդը Լագոդեխին է: Երևանի աշխույժ առօրյայից հետո Լագոդեխիի լռելայն հանգստությունը մի այլ զգացողություն է պատճառում մեզ: Սառը օդը թարմացնում է բոլորիս սրտերն ու մտքերը: Իսկ լուռ փողոցներն, կարծես ստիպում են մտածել:

 

 

Այս քաղաքը հայտնի է իր ազգային զբոսայգով: Ազգային պարկը գրկաբաց սպասում է բոլորին տարվա բոլոր եղանակներին իր ծառայություններով: Ազգային պարկը առաջարկում է տուրիստական տեսարժան վայրեր, ջրվեժներ ու հին ամրոցներ այցելություներ: Եթե դուք սիրում եք սպորտ,արշավներ և ձիեր, ապա 1 կամ 3 օր տևողությամբ ճամփորդությունները հենց ձեզ համար են: Հենց այդ արշավների ընթացքում կարող եք տեսնել ու մոտիկից ծանոթանալ այն բույսերի հետ, որոնք միայն այդ շրջանում են աճում:
Կտեսնեք Նինոշխեվի ջրվեժը, Ռոչոյի ջրվեժը, Մաչի ամրոցը, Սև ժայռ լիճը: Այս ամենի մասին մեզ պատմել են տեղի թանգարանում ու հնարավորինս մատչելի ծանոթացրել են ծրագրին: Հույս ունեմ, որ այս ամռանը կկարողանանք կրկին այցելել Լագոդեխի և մասնակցել այս արշավներից որևէ մեկին:

Եվ վերջում չմոռանանք, որ գինին Կախեթիի այցեքարտն է: Լագոդեխիում նաև կարող եք այցելել գինու գործարան և համտեսել իրենց անմահական գինին: