Պատմում Է Նանոր Հովհաննիսյանը

 

 

Այսօր կյանքը Երևանում մի տեսակ կանգնած է։ Եվ եղանակն է կանգնած, և այն աժիոտաժը, որին բոլորս էլ քաջ ծանոթ ենք։ Անգամ անձրևը հավեսով չի տեղում։ Բայց եկեք չտխրենք, և ստեղծված իրավիճակից օգտվենք լիովին։ Ինձ թվում է՝ շատ հարմար ժամանակ է. ճամփորդենք դեպի հարավ՝ դեպի Իրան։ Չէ, չէ, մի վախեցեք, վստահեցնում եմ՝ այս վիրտուալ ճամփորդությունը կորոնավիրուսի վտանգ չի պարունակում։ 

Գիտեք, միշտ ասում են՝ եթե տեսել ես Սպահանը, ուրեմն հաշվի առ, որ տեսել ես ամբողջ աշխարհի կեսը։ Դե ինչ, եկեք, ես ձեզ տանում եմ՝ տեսնելու ամբողջ աշխարհի ուղիղ կեսը։

Թեհրանից վեց  ժամ հեռավորություն ունեցող քաղաքը լի է գանձերով։ Իր պատմությամբ, իր արվեստով, իր մշակույթով եզակի քաղաք է Իսֆահանը, շուտով նաև դուք կհամոզվեք դրանում։ Եկեք սկսենք մեր ճամփորդությունը Սպահան ամենամեծ ու կարևոր  հրապարակից՝ Նաղշե Ջահան հրապարակից։

Այստեղ ժամեր կարող ես անցկացնել, ամեն անկյունից մի նոր բան է բացվում ուսումնասիրելու։ Աչքերդ չորս արած ման եկ այս ու այն կողմ։ Կարող ես այցելել Շեյխ Լյութֆուլլայի մզկիթը, Ալի Ղափու պալատը, Իմամի մզկիթը և  հանրահայտ «մեծ բազարը»։

Կարևորն այն է, որ չշտապես, և ինչքան կարող ես, այս  ճարտարպետական հրաշալիքը վայելես։ Իսկ 11-րդ դարի «մեծ բազարում» շատ հնարավոր է՝ կորչես գույների,  ստեղծագործությունների ու գեղեցկության մեջ, որը ասես անվերջանելի է։ Կարող ես շրջել, վայելել քաղցր համն ու հոտը, որ քեզ առաջարկում են վաճառակաները։ Մի կարևոր նկատառում. երբեք բազարից գնումներ անելիս առաջին գնով մի՛ բավարարվեք։ Բազարն անգամ ունի իր կանոնները, փորձեք վարպետանալ գնի իջեցման բանակցությունների մեջ։ Այսպիսով, եթե արդեն վերջացրել եք ձեր գնումներն ու ուսումնասիրությունները, կարող ենք դուրս գալ հրապարակից։ 

Շարժվենք դեպի Սպահանի հսկա կամուրջներից մեկը՝ Խաջու կամուրջը։ Այն կառուցվել է  1650 թվականին։ Կամուրջի վրա Շահը կազմակերպում էր իր բաց ժողովները։ Կամուրջներից նաև առանձնանում է իր գեղեցկությամբ Սիոսեփոլը։ Խորհուրդ եմ տալիս այն այցելել երեկոյան՝ վառ լույսերի ներքո։ Սիոսեփոլ կամուրջը անցնելով՝ հասնում ենք Նոր Ջուղա, որը զբոսաշրջիկների համար առաջնահերթ տեսարժան վայրերից է։ Երբ Շահաբաս I-ը մայրաքաղաք է դարձնում Սպահանը , նա նաև Ջուղայի հայերին տեղափոխում է այստեղ՝ հիմնելով Նոր Ջուղան։ Նոր Ջուղայում կարող ենք թափառել նեղլիկ փողոցներով, քանզի ամբողջ քաղաքը թանգարան է բաց երկնքի տակ։ 

Անպայման պետք է նաև այցելենք Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը յուրօրինակ է իր հայկական, իրանական և եվրոպական ճարտարապետական համաձուլվածքներով։ 

Ներսում՝ վանքի պատերին, պատկերված են դրվագներ սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։ Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ Մեծ տարածք չէ, բայց կարող ես կրկին ժամեր անցկացնել՝ ուշադիր զննելով ամեն մի որմնանկարը։ 

Վանքի հարևանությամբ նոր թանգարանն էլ անպայման եկեք մտնենք, Նոր Ջուղայի պատմությունը, արվեստ, կյանքը ամբողջությամբ պատկերված է այստեղ։ 

Ի վերջո, եթե ուզում եք ավելի լավ ծանոթանալ Սպահանի հետ, կառաջարկեմ ուղղակի քայլել փողոցներով, մտնել խանութներ, թեյարաններ, ծանոթանալ իրանական ուտելիքներին, քայլել կամուրջներով, նայել աջ ու ձախ և  ինչքան հնարավոր է, վայելել այս հրաշք ճամփորդությունը։

Նկարները՝ Անուշ Թադևոսյանի