Պատմում է Եվա Բերբերյանը

 

Ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստանի ամենահայտնի ու սիրված մարզերից երկուսի ՝ Լոռիի ու Շիրակի սարերի մեջ թաքնված, Չիչխան գետի վրա գտնվող, հորդ ու աղմկոտ Թռչկանի ջրվեժը, որ գերել ու ամեն տարի կանչում է իր մոտ: Այդ փաստից կարող ենք եզրակացնել, որ հոգնեցնող չէ ու ամեն անգամ ճանապարհին նոր զգացողություններ են արթնանում, կարծես առաջին անգամ տեսնելիս լինես: Ճանապարհը՝ ջրվեժին հասնելու համար բարդություններ ու էքստրիմ սիրող մարդկանց համար է՝ բեռնատար, բարձր սարեր, նեղ ճանապարհ, որով անցնելիս քեզ թվում է շուռ կգաս ծառերի մեջ: Ամեն բլուրն անցնելուց հետո բացվող մի նոր հրաշք տեսարան: Սարերի սառը ջուրը կարող ես վայելել ճանապարհը կիսող աղբյուրից: Իջնում ես բեռնատարից, քեզ թվում է ջրվեժը չքացավ, անցնում ես ջրերի միջով, բարձր սարերի տակ կանգնած զգում ես, թե ինչքան փոքր ես դու աշխարհի վրա, սկսում ես լսել ջրվեժի գոռացող ձայնը ու փարթամ ծառերի ճյուղերի արանքից քեզ են հասնում ջրի կաթիլները: Բարձրանում ես քարերի վրա ու սկսում կանգնեցնել ժամանակը՝ լուսանկարելով դիմացդ վազող ջրերը: Դժվար թե նկարների մեջ տեսնեք այն ինչ իրականում է, բայց իմ լուսանկարներում հնարավորինս այնպես եմ մատուցում, որ զգաք այն, ինչ կտեսնեիք ձեր աչքերով, կլսեիք ականջով: Ջրվեժի բարձր ձայնը ստիպում է միմյանց լսելու համար ձայնը բարձրացնել:

Եթե ոգեշնչվեք ու որոշեք գնալ, ուրեմն հետևեք խորհուրդներիս.

  • ձեզ հետ ունեցեք սրբիչ ու հողաթափեր՝ ջրերի միջով անցնելու ու ջրվեժին մոտ գնալու համար
  • ձեր հետ տարած սնունդը վայելելուց հետո, չմոռանաք հավաքել մնացորդներն ու աղբը վերցնել
  • հարմար կոշիկներ, արևապաշտպան գլխարկ, անձևանոց. եղանակն անկանխատեսելի է

Իսկ ինչպե՞ս գնալ, կհարցնեք, սիրով պատմեմ:

Երթուղին դեպի Թռչկան՝

  • Երևան-Ապարան-Սպիտակ- Շիրակամուտ գյուղ: Այդտեղից էլ գյուղի բնակիչները բեռնատարով, կամ այլ մենքենայով կուղեկցեն ձեզ դեպի Թռչկանի ջրվեժ:

Ճանապարհին առաջին կանգառն անում ենք Ապարանում, օգտվում ենք Գնթունիկի համեղ ուտեսներից ու առաջ շարժվում: Սպիտակ քաղաքով ենք անցնում, հետո ճանապարհի երկու կողմում տեսնում եք կարտոֆիլի, կաղամբի դաշտեր, այդտեղ աշխատող մարդկանց:
Դե իսկ Շիրակամուտ անունը հեշտությամբ կարող եք բացատրել.սիրուն գյուղ է այգիներով, կոկիկ, ներկված դարպաստներով տներով:

 

Ինչու՞ հենց Թռչկանը՝

  • այն հեռու է իրական աշխարհից
  • բնական հուշարձան է, կուսական,աննկարագրելի սիրուն
  • Թռչկանի մոտ հասկանում ես, որ մարդը բնության հետ ներդաշնակ պետք է ապրի

Բնությունը շռայլորեն մեզ է բաշխել իր գեղեցկությունը, մենք էլ պետք է պահպանենք ու խնամենք այն:

 

Գնացե՛ք Թռչկան: