Պատմում է Անուշ Թադևոսյանը

 

Լինելով սեբաստացի՝ շատ եմ ճամփորդել Հայաստանով և Հայաստանից դուրս: Այլ երկրների մասին չեմ խոսի, քանի որ համացանցը ողողված է տեղեկություններով: Երկար-բարակ մտածելուց ու արխիվս փորփրելուց հետո որոշեցի պատմել Լոռու մարզի մասին` առանձնացնելով էն ամենասիրունը, որը տեսել եմ ու երկիրս եկողին կառաջակեի գնալ:

Երևանից գնում ենք Արագածոտնի, իսկ հետո Լոռու մարզ: Կանգառներ շատ կարող են լինել, պետք է բաց չթողնել ոչ մի բան: Առաջինը կարող է լինել Դսեղ գյուղը` մեր Թումանյանի ծննդավայրը: Հետո Դսեղի Ծովերն արժի տեսնել: Գեղեցիկ գույներ տարվա բոլոր եղանակներին:

Մի հետաքրքիր զգացողություն ու տեսիլք ունեմ. Լոռվա խայտաբղետ գույների մեջ անգունություն եմ տեսնում: Երևի անգունությունը արտացոլում է հանքարդյունաբերության հետևանքները: Դրա հետ մեկտեղ   մռայլ և հանքի շուրջ ձևավորված քաղաքներն էլ ունեն իրենց հետաքրքրությունն ու մշակույթային արժեքները: Օրինակ` Ալավերդի քաղաքը: Ալավերդին շրջապատված է բնապատմական հարուստ միջավայրով: Անտառապատ սարերն ու ձորեր, խելագառ Դեբեդ գետը, հյուրընկալ ու պայծառահոգի բնակիչները մեծ դեր ունեն քաղաքի հմայքի մեջ: Ալավերդիում զգացմունքներս ուրիշ էին ու աչքերս չորս կողմ պարզած նայում էի, իսկ ձեռքիս ֆոտոխցիկն անդադար աշխատում էր:
Լոռվա գեղեցկությունը լրացնում են նաև մյուս քաղաքներն ու գյուղերը. Ստեփանավանն իր դենդրոպարկով,սոճիների պուրակով ու Գարգառի կիրճով, Կուրթանի ձորը Հնեվանքով, Օձունը՝ իր վանքերով ու գյուղական կոլորիտով, իսկ մարզկենտրոն Վանաձորը՝ աշխույժությամբ:

Իսկ նյութիս վերջում ձեզ առաջարկում եմ լինել Ախթալայում: Ուզում եմ կիսվել դեպի Ախթալա կատարած ճամփորդության տպավորություններով։ Թեև եղանակը լավը չէր՝ անձրև, քամի ու մռայլություն էր շրջակայքում, բայց Ախթալայի վանական համալիրն ու գյուղը իր գեղեցկությունը չէր կորցրել։ Վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։
Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։
Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է XI դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ XIII դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ։
Շունչս կտրվում է այս ամենից, գլուխս պտտվում ամենը տեսնելու, պատմելու ցանկությունից. սրանք զգացողություններ են, որոնք պատում են ճամփորդելիս: