Պատմում է Աննա Մանուչարյանը

 

Հայաստանը փոքր տարածքով, բայց շատ խորն իմաստով մի երկիր է․ գեղատեսիլ բնություն, չքնաղ կլիմա, հյուրընկալ մարդիկ, մեծ, հայկական – ավանդական  ընտանիքներ: Այսպես կարելի է անթիվ բնութագրեր տալ մեր արևաշող ու հրաշագեղ երկրին։ Մենք բազում գողտրրիկ ու չքնաղ վայրեր ունենք, որոնցից մեկն էլ Տավուշի մարզի Վարագավան գյուղն է՝ շրջապատված հարուստ բուսականությամբ:

Գյուղին վերևից պահպանում է մի հրաշալի ճարտարապետական  կառույց ՝ Նոր Վարագավանք միջնադարյան վանքային համալիրը, որը հիմնադրել  է Դավիթ իշխանը:

Ճանապարհին անհնար է չգերվել առատ բուսականությամբ և գեղեցիկ անտառներով: Խորհուրդ եմ տալիս այցելել հատկապես գարնան ամիսներին՝ տեսնելու բնության հառնումը: Վստահ եմ՝ դուք մի պահ կկտրվեք իրականությունից:

Մինչ նշանակետին հասնելը կան բազում կանգառներ, որոնք ոչ պակաս գեղեցիկ են: Կարելի է զմայլվել Սևանա լճի անասելի շքեղությամբ, մի քանի լուսանկար կատարել քաղաք Դիլիջանում, օրինակ ՝ <<Միմինո>> ֆիլմին նվիրված արձանախմբի  մոտ,  և իհարկե շարունակել շրջայցը դեպի Իջևան: