Պատմում է Միլենա Թորոսյանը՝

 

Նախագծի գրեթե ավարտին որոշեցի ես էլ մասնակցել և պատմել ձեզ սիրո գողտրիկ մի քաղաքի մասին: Ասեմ, որ մարտահրավեր ընդունել եմ բոլորիցդ՝ բոլորիդ հետ վիրտուալ ճամփորդելով:

Դե  ինչ, կարծում եմ շատերդ լսելով ՍԵՐ բառը՝ էլ ավելի շահագրգռվածությամբ կսկսեք կարդալ և ճամփորդել ինձ հետ՝ քանզի այս օրերին բոլորս մեկը մյուսի հանդեպ սիրով ու հոգատարությամբ է լցված:

Սովորաբար Ամանորը միշտ անց եմ կացրել Հայաստանում, բայց այս տարի որոշեցինք այն նշել ռոմանտիկ քաղաքներից մեկում՝ Սիղնաղիում, որը Եվրոպայի փոքրիկ անկյունն է Վրաստանի Կախեթի շրջանում: Քաղաքը հանգիստ է, խաղաղ, գունավոր, քիչ բնակիչներով: Այն նման է մեր Դիլիջանին: Քաղաքը յուրահատուկ է իր բնությամբ և ճարտարապետությամբ:

Այցելելով Սիղնաղի՝ կտեսնեք 18-րդ դարում կառուցված Սիղնաղիի բերդապարիսպները, որն ամենամեծն ու երկարներից է ողջ Վրաստանում (երկարությունը 4.5 կմ): Այս քաղաքում է գտնվում նաև Բոդբեյի մենաստանը, որտեղ գտնվում է Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեֆանի, Սբ. Գեորգի եկեղեցիները:

Քաղաքը այնքան փոքր է, որ նույնիսկ մեկ օրն էլ բավարար է բոլոր փողոցներով զբոսնելու և ծակ ու ծուկը տեսնելու համար: Ամենից շատ այնտեղ հաճելի է քայլել նեղ ու հետաքրքիր փողոցներով, որոնց յուրահատուկ կոլորիտը գերել էր ինձ: Այնտեղ չկան բարձրահարկ շենքեր, հյուրանոցներ, հիմնականում հյուրատներ են, իսկ տները կառուցված են հարմարավետ՝ առանց ավելորդ շքեղության և ճոխության, դրանք գունավոր են, դռներն ու դարպասները փայտից են և հիշեցնում են մեր Գյումրիի կամ Դիլիջանի ճարտարապետությունը:

Քաղաքի բնակիչների մեծամասնությունը զբաղվում է գինեգործությամբ, կարպետագործությամբ, թաղիքե տարբեր իրերի պատրաստմամբ և տուրիզմով: Եվրոպական շատ երկրներից մարդիկ գալիս են այստեղ և վայելում իրենց հանգիստը՝ համեղ գինի համտեսելով: Տեղի մեծահասակները հայերեն հասկանում են և կիստ-պռատ նաև խոսում՝ ինչն այնքան հաճելի է:

Սիղնաղիում կա մի արձան, որը  չգիտես ինչի մարդիկ ներկայացնում են որպես Դոն Կիխոտի արձան, բայց այն Սիղնաղիի բժիշկներից մեկի արձանն է, ով ավանակին նստած՝ շտապում է հիվանդի մոտ:

Իսկ հիմա տեղարժվենք դեպի Ամուսնությունների պալատ, որը գործում է 24 ժամյա ռեժիմով: Այստեղ են գալիս աշխարհի տարբեր երկրներից զույգեր, որոնց ամուսնությունը գրանցվում է հենց այստեղ, տրվում է նաև համապատասխան վկայական: Որոշել եմ, որ իմ ամուսնությունն էլ այս գեղեցիկ պալատում գրանցեմ: Եվ վերջապես, այս քաղաքում է ապրել և ստեղծագործել սիրահարված նկարիչ Նիկո Պիրոսմանին, ով իր սիրած կնոջ՝ ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտա դե Սևրին այնքան ծաղիկ է նվիրել, որ դրանք ծածկել են հյուրանոցի ամբողջ հրապարակը, որտեղ ապրել է դերասանուհին: Այդ սիրո մասին պատմում է ռուսական շոուբիզնեսի աստղ Ալլա Պուգաչովան իր Միլիոն ալ վարդեր երգով:

Նշեմ նաև նախագծին ուշ միանալու պատճառը. ուզում էի, որ իմ ներկայացրած գեղեցիկ սիրո պատմությունը ամփոփեր բոլոր պատմությունները և դառնար մի նոր սիրո պատմության սկիզբ բոլորիս համար:

Իսկական սիրահարների քաղաք… գնացե՛ք և վայելե՛ք ձեր սերը: