Դետյան ջրվեժ, որը Վիետնամում հայտնի է որպես Բանզյոկ ջրվեժ, չորրորդ ամենամեծ ջրվեժն է աշխարհում։ Գտնվում է երկու պետությունների՝ Չինաստանի և Վիետնամի սահմանում։ Ջրհեղեղի ժամանակ երկու կողմերի ջրվեժները միահոսում են։

Ճանապարհը, որն անցնում է ջրվեժի վերևով, տանում է մի քարի մոտ, որտեղ չինարենով ու ֆրանսերենով ամրագրված է Վիետնամի և Չինաստանի միջև սահմանը։ 1979 թվականին, չին–վիետնամական պատերազմի ժամանակ, վիետնամական սահմանին մոտ լինելու պատճառով, ջրվեժի մերձակայքը դարձել է չինական զորքերի տեղակայման հիմնական վայրերից մեկը։ Երկարատև վեճերի արդյունքում, 1999 թվականին այս վայրը սահմանազատվել է Չինաստանի և Վիետնամի միջև, իսկ առավել փոքր հարցերի շուրջ բանակցությունները տարվել են ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հին ժամանակներից ի վեր Հիունգի կիրճը բաժանում էր Չինաստանն ու Վիետնամը։

Վիետնամում ջրվեժը բաղկացած է երկու՝ գլխավոր և կողմնակի մասերից։

Դետյանն ամենախոշոր բնական ջրվեժն է Հարավարևելյան Ասիայում։ Հայտնի զբոսաշրջային վայր է։ Ջրվեժի ստորին հատվածներում կա մի մեծ լիճ, որի շուրջը տեղակայված են զբոսաշրջային ենթակառուցվածքով օբյեկտներ՝ դիտման հարթակներ, սրճարան և ռեստորաններ, հուշանվերների խանութներ և հյուրանոցներ, որոնց պատուհաններից երևում է ջրվեժը։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է բամբուկե լաստով նավարկել ջրվեժի ստորին հատվածներում։ Ջրվեժ այցելության համար առավել հաջող ժամանակը համարվում է նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը, երբ ջրի մակարդակը առավելագույն է։

Ջրվեժի կողքին է գտնվում դժվարամատչելի Տունլին կիրճը, ուր կարելի է հասնել միայն հարևան կիրճից՝ քարայրի միջով։ Այն վերջերս է հայտնաբերել ժամանակակից հետազոտողների կողմից, ինչի շնորհիվ դրանում պահպանվել են վայրին բնորոշ բազմաթիվ էնդեմիկ կենդանիներ և բույսեր։ Նախկինում կիրճը ծառայել է որպես թաքստոց տեղական ավազակների համար։ Երբեմն ժայռերում հայտնաբերվում են դրանց թաքստոցները։

Ջրվեժի շուրջը գտնվում են բազմաթիվ այլ գրավիչ վայրեր՝ կանաչ անտառ, ծածկող լեռներ, Լեյպին քարե անտառը, ջրային քարերի անտառն ու կարստային քարայրներ։